Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանին կարող են թույլ տալ բլից-պատերազմի գնալ

Ադրբեջանին կարող են թույլ տալ բլից-պատերազմի գնալ

Այսօր Բաքուն ակտիվորեն աշխատում է Ղարաբաղյան հարցում ուժերի հավասարակշությունը դեպի իր կողմ թեքելու ուղղությամբ, երկրի ողջ տնտեսությունն ուղղված է ռազմական ներուժը հզորացնելուն: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել հայատյացության լուրջ քարոզչությունը, որը, ինչպես հայտնի է, հենց այնպես չի իրականացվում. Այս երկու գործոնները Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման նախադրյալներ կարող են լինել: ARMENIA Today-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայոց Համազգային շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա՝ այլ հարց է, կգնա՞ արդյոք Ադրբեջանը նման քայլի, թե ոչ, քանի որ 21-րդ դարում միայն վերոնշյալ գործոնները բավարար չեն ռազմական գործողություններ սկսելու համար:

«Նման քայլի համար Ադրբեջանը պետք է հստակ հաշվարկի միջազգային հանրության արձագանքը, որը չեմ կարծում թե դրական լինի: Ադրբեջանին կարող են թույլ տալ բլից-պատերազմի գնալ, որը մի քանի օր կտևի: Սակայն մի քանի օրում Ադրբեջանը չի կարողանա այդ հարցը լուծել: Իսկ երկարատև պատերազմը հղի է մեծ բացասական հետևանքներով Բաքվի համար, քանի որ այն շահեկան չէ շատ երկրների համար և մասնավորապես նավթային ընկերությունների, որոնք այսօր ակտիվորեն աշխատում են Ադրբեջանում: Այսինքն, մի կողմից Ադրբեջանը շարունակելու է ռազմական հռետորաբանությունը, սակայն ռազմական գործողություններ սկսելու համար նրան անհրաժեշտ է ամեն ինչ հաշվարկել, իսկ նվազագույն հաշվարկի դեպքում  ակնհայտ է դառնում, որ Բաքուն շատ բան կարող է կորցնել, իսկ ԼՂՀ-ի հարցը կարող է վերջնականապես փակվել հօգուտ Ադրբեջանի պոտենցիալ լուծում ստանալու համար»,- ասել է Իգիթյանը: