Գլխավոր / Տեսանյութեր / Վարչապետը բացատրել է՝ ինչու առաջին դասարանցիներն անվճար համակարգիչ չստացան

Վարչապետը բացատրել է՝ ինչու առաջին դասարանցիներն անվճար համակարգիչ չստացան

ՀՀ կառավարությունն այս տարի բոլոր առաջին դասարանցիներին չի տրամադրել անվճար համակարգիչներ, քանի որ այդ դրույթը նշված է ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե ինչու կառավարությունը չի կատարել անվճար համակարգիչներով ապահովելու իր խոստումը: Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է, որ նման դրույթ է եղել այս տարվա հունիսին ներկայացված ՀՀ կառավարության ծրագրում, իսկ ներկայիս գործադիրը կարող է այդ խոստումը կատարել մինչև փետրվար, քանի որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ՀՀ կառավարությունը հրաժարական է տալու նախագահական ընտրություններից հետո:

«Երբ ՀՀ կառավարությունը Ազգային Ժողովի դատին ներկայացրեց իր ծրագրիրը, հիշում եք, այն նախատեսված էր 5 տարվա համար՝ 2012-2017թթ, և այս դահլիճում եղան թեզեր, որ կառավարությունը պետք է ներկայացնի այնպիսի ծրագիրը, որը պետք է ավարտվի ՀՀ նախագահի ընտրություններով, որից հետո էլ կառավարությունը պետք է հրաժարական տա: Դա նշանակում է, որ ՀՀ կառավարության ծրագիրը պետք է լինի կարճաժամկետ: Մենք այդ տեսակետը չենք կիսում, և գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը պետք է 5 տարվա ծրագիր ներկայացնի, քանի որ քաղաքական ուժը (ՀՀԿ-ն-խմբ.), որը ձևավորվել է պառլամենտում, գործելու է 5 տարի, և հենց այդ քաղաքական ուժի ծրագիրն է, որը կառավարությունը ներկայացնում է Ազգայն Ժողովի հաստատմանը», — ասել է Տիգրան Սարգսյանը:

Փաշինյանն առաջարկել է չծանրաբեռնել երեխաներին և պարզապես ասել, թե երբ են նրանք խոստացված համակարգիչները ստանալու, իսկ վարչապետը կրկնել է, որ դա տեղի կունենա 5-ամյա ժամկետում: