2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Վարդան Ղուկասյանին կարգադրել են ավելի շուտ ազատել Գյումրիի քաղաքապետի աթոռը

Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները պաշտոնապես ավարտվում են նոյեմբերի 12-ին, և միայն դրանից հետո է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստանձնելու քաղաքապետի լիազորությունները, գրում է «168 ժամ» պարբերականը՝ նշելով, սակայն, վերջինս այլևս չի ցանկանում այդքան սպասել:

Թերթի տեղեկություններով, Բալասանյանը երկրի բարձրագույն իշխանությանը խնդրել է քաղաքապետի պաշտոնն ավելի շուտ ազատել իր համար:

Վարդան Ղուկասյանին պարտադրել են հոկտեմբերի 9-ին դիմում ներկայացնել և կամովին ազատել քաղաքապետի պաշտոնը, փոխանցում են «168 ժամի» աղբյուրները:

«Սա, բացի քաղաքապետի պաշտոնը մեկ ամիս առաջ զբաղեցնելուց, Սամվել Բալասանյանին հնարավորություն կտա որպես Գյումրիի քաղաքապետ ընդունել հոկտեմբերի 12-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին: Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի և շփոթության մեջ ընկնել՝ այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը`Ղուկասյանը, թե՞ Բալասանյանը», - գրում է թերթը՝ հավելելով, որ  Ղուկասյանը համաձայնել է դիմում գրել: