Home / Հայաստան / «Ինչի՞դ վրա ես էդպես մերսեդեսավորվել, պարոն Նալբանդյան». Սաֆարովի և բծավոր տիֆի մասին

«Ինչի՞դ վրա ես էդպես մերսեդեսավորվել, պարոն Նալբանդյան». Սաֆարովի և բծավոր տիֆի մասին

2011 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը ընթերցելիս ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի հին անեկդոտ է հիշել: Այս մասին նա հայտարարել է կատարողականի վերաբերյալ հնչեցրած իր ելույթում:

«Մի մարդ Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնում կանգնած` ձեռքերով տարօրինակ շարժումներ է անում և տարօրինակ ձայներ հանում: Ոստիկանը մոտենում է նրան, և հետաքրքրվում, թե ինչ է անում: «Կոկորդիլոսներին եմ քշում»,- անվրդով պատասխանում է մարդը: «Բայց ուր ա՞ ստեղ կոկորդիլոս»,- հետաքրքրվում է ոստիկանը: «Է քշում եմ, դրա համար էլ չկան»,- պատասխանում է մարդը», – անեկդոտը պատմել է Փաշինյանը:

Նա որոշ հատվածներ է մեջբերել 2011 թվականի բյուջեի կատարողականից:

Մասնավորապես, «Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովում» բաժնում բառացիորեն գրված է. «2011 թվականին (Հայաստանում) չեն արձանագրվել այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, սուր պոլիոմելիտը, կարմրախտը, մալարիան, կատաղությունը, սիբիրյան խոցը, խոլերան, լեպտոսպիրոզը, ռիկետցիոզները (այդ թվում բծավոր տիֆ, Բրիլլի հիվանդություն)»:

«Հասկանում եք, իհարկե, որ այս դարակազմիկ հաջողությունը Հայաստանն արձանագրել է կառավարության դրամատիկ ջանքերի, և քրտնաթոր աշխատանքի արդյունքում: Բայց արձանագրենք՝ վերը նշված հիվանդությունների զգալի մասը հատուկ են հիմնականում երրորդ աշխարհի երկրներին, և կառավարությունը հպարտանում է, որ Հայաստանում խոլերայի կամ բծավոր տիֆի համաճարակ չի եղել, և ուրեմն, ժողովրդից շնորհակալություն է ակնկալում դրա համար:

Այս դրվագը, ըստ էության ամբողջական պատկերացում է տալիս Ազգային ժողով ներկայացված բյուջեի կատարողականի մասին: Կատարողականն, ի դեպ, սովորաբար պետք է լինի երկրի լրջագույն ֆինանսատնտեսական փաստաթղթերից մեկը, որտեղ հաշվետու ժամանակաշրջանի մանրամասն վերլուծության արդյունքում պետք է ձևավորվի առաջիկա տարիների ֆինանսատնտեսական օրակարգը: Տիգրան Սարգսյանի կառավարությունը, սակայն, ոչ թե վերլուծության է ենթարկել երկրում առկա վիճակը, այլ փորձել է վիրտուալ հաջողությունների ինչ-որ շարադրանք ստեղծագործել», – նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2011 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը կարդալիս հասկանում ես, որ կառավարությունը, այս կառավարությունը, գործող կառավարությունը ոչնչով չի կարող օգնել հիվանդ տնտեսությանը:

Փաշինյանը նաև անդրադարձել է բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում ի հայտ եկած, իր խոսքով, ամենակարևոր նորությանը:

«Մենք բոլորս տեսանք, թե կառավարության և նրա հենարան խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները ինչպիսի էմոցիոնալ հակազդեցությամբ հանդես եկան Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ:

Ի հեճուկս, դրա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱԳ նախարարության մասով բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ մի հրեշավոր փաստ ի հայտ եկավ: ԱԳ նախարար Շավարշ Քոչարյանը իմ հարցին ի պատասխան ասաց, թե 2011 թվականի ընթացքում Հունգարիայում ՀՀ դեսպանի գործունեության համար գումարներ չեն ծախսվել: Սա նշանակում է, որ 2011 թվականի ընթացքում Հայաստանը դե ֆակտո, Հունգարիայում դեսպան չի ունեցել: Բայց սա դեռ ամբողջը չէ. 2011 թվականի հոկտեմբերից մինչև Ռամիլ Սաֆարովին ազատելու պահը Հայաստանը Հունգարիայում դեսպան չի ունեցել նաև դե յուրե, որովհետև գործող դեսպանը նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի, առանց Հունգարիայում հավատարմագրված նոր դեսպան ունենալու:

Եթե համադրում ենք այս տվյալները, ստացվում է, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ազատ արձակելու հարցով ինտենսիվ բանակցությունները վարվել են եւ որոշում կայացվել է հենց այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը հարկ չի համարել դեսպան ունենալ Հունգարիայում: Այսինքն, Հայաստանը Հունգարիային և Ադրբեջանին միայնակ է թողել իրենց հարաբերություններում, և, մասնավորապես, Սաֆարովի հարցով բանակցություններում: Սա հրեշավոր իրողություն է, և այս իրողության ֆոնին անհեթեթ են հնչում իշխանության ներկայացուցիչների խրոխտ, հայրենասիրական ճառերը:

Իրականում, պարոնայք. տեղի ունեցածի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, դուք պարզապես չեք կատարել ձեր աշխատանքը և հետեւանքն ակնհայտ է: Այդ աշխատանքը չեք արել անփութորեն, թե չարամտորեն, սա արդեն  ուրիշ հարց է: Բայց որ չեք կատարել, հիմա արդեն հաստատված, ապացուցված փաստ է: Հայտնի են նույնիսկ այս ձախողման մեղավորները: Բացեք ՀՀ Սահմանադրությունը. հոդված 55-ում նշվում է, որ Հանրապետության նախագահն իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը: Եթե Սերժ Սարգսյանը իրեն հռչակել է Հանրապետության նախագահ, ուրեմն հենց ինքն է տեղի ունեցածի առաջին մեղավորն ու պատասխանատուն, որովհետև հենց նա է նշանակում և ազատում դեսպաններին: Չմոռանանք իհարկե, «Մերսեդեսների»  աննկուն երկրպագու, ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանին: Ժողովուրդը կասեր՝ էդ ինչիդ վրա ես էդպես մերսեդեսավորվել, պարոն Նալբանդյան:

Ի դեպ, «Մերսեդեսի» մասին. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պարզվեց, որ Էդուարդ Նալբանդյանի «Մերսեդեսը» նրան նվիրել է «մի ինչ-որ գերմանացի»: Սա ԱԳ նախարարության ներկայացուցչի ըստ էության պաշտոնական պատասխանն է: Համենայնդեպս, միակ պատասխանը, որ ստացել եմ համապատասխան հանձնաժողովի նիստում և դրանից հետո:

Եթե գերմանացի, ուրեմն հիշեցնեմ, որ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը 2012-ի փետրվարին հրաժարական տվեց միայն այն բանի համար, որ գերմանական բանկից մի փոքր արտոնյալ պայմաններով վարկ էր ստացել: Բայց մերն ուրիշ է: Մեր նախկին արտգործնախարարը առանց աչք ճպպելու երկու միլիոն դոլար է ստանում մի ինչ-որ ամերիկյան մագնատից, իսկ ՀՀ ԱԳ գործող նախարար Էդուարդ Նալբանդյանը մի ինչ-որ գերմանացուց նվեր է ստացել մի քանի տասնյակ, գուցե և հարյուր հազար դոլար հնարավոր արժեք ունեցող «Մերսեդես»:

Պարոնայք կառավարության անդամներ, պարոնայք խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներ: Երեկ փողոցում խորհրդարանական իրադարձություններին մամուլով հետեւած մի քաղաքացի մոտեցել է ինձ ու հարցնում է: Ասում է, պարոն պատգամավոր, ինչ ես կարծում կարող ա՞ էդ Նալբանդյանի մերսեդեսը նվիրած գերմանացին է ասել, որ էնպես անեն, որ 2011թ. հոկտեմբերից մինչեւ օգոստոս Հայաստանը Հունգարիայում դեսպան չունենա: Չէ՞ որ ինչպես մեր իշխանավորները պնդում են, Սաֆարովի գործարքում երեք միլիարդ դոլար է շրջանառվել: Երեք միլիարդ դոլարով կարելի է Էդուարդ Նալբանդյանին մերդեսեսից մի տասը հազար հատ առնել, երբեմն նույնիսկ ներսի պարունակությամբ: Ես այդ քաղաքացուն չպատասխանեցի, որովհետև ինձ թվաց հարցը հռետորական է», – ելույթը եզրափակել է Փաշինյանը:

Նշենք, որ ՀԱԿ խմբակցությունը հրաժարվել է մասնակցել բյուջեի կատարողականի նախագծի քվեարկությանը, որն այսօր ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Tekali Taxi