Գլխավոր / Հայաստան / «Դատախազը լկտի ստում է». դավաճանության մեջ մեղադրվողը բոյկոտել է նիստը

«Դատախազը լկտի ստում է». դավաճանության մեջ մեղադրվողը բոյկոտել է նիստը

Երեկ ընդմիջումից հետո Վերաքննիչ դատարանում շարունակվել է պետական դավաճանության հոդվածով 6 դատապարտվածների վերաքննիչ բողոքի քննությունը:

Նիստն ընդհատվել էր այն բանից հետո, երբ ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը փորձել է հարձակվել դատախազ Արամ Ամիրզադյանի վրա, բղավել, թե նա ստում է, երբ վերջինս կարդացել է մեղադրականը: 8 կարգադրիչներ Չտրկյանին դուրս են տարել դահլիճից:

Ինչպես Epress.am-ին հայտնել է Ռոմիկ Մաթևոսյանի փաստաբան Սարգիս Ասլանյանը՝ ընդմիջումից հետո Չտրկյանը նորից ընդհատել է Ամիզադյանին, ինչին ի պատասխան դատավոր Արմեն Դանեիլյանը սպառնացել է, թե սանկցկիա կկիրառի Չտրկյանի նկատմամբ և դուրս կհրավիրի դահլիճից: Չտրկյանն ասել է, որ բոյկոտում է նիստն ու չի ցանկանում մասնակցել:

Չտրկյանի հեռանալուց հետո՝ դուրս են եկել նաև նրա հարազատները և բողոքի ակցիա անցկացրել դատարանի շենքի մոտ:

Նիստը շարունակվել է, և Սարգիս Ասլանյանը դատախազին ասել է, որ վերջինս «լկտի ստում է»: Կարգադրիչները խանգարել են փաստաբանին, ով ցանկացել է մոտենալ դատախազին, որից հետո Ասլանյանի ինքնազգացողությունը վատացել է:

Դատավորը հետաձգել է դատական նիստը: Այն կայանալու է հոկտեմբերի 23-ին ժամը 15.00-ին:

Այդ օրն Ասլանյանը պատրաստվում է բացարկ հայտել դատախազ Արամ Ամիրզադյանին, ինչպես նաև միջնորդել քրեական պատասխանատվության ենթարկել գործը քննած քննիչ Թևանյանին, Հակահետախուզական վարչության պետ Ս. Մելքոնյանին և դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ սույն գործի մասին առաջին ատյանի դատարանի վճռով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, մեկ այլ ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը և հանցագործությանը օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանը դատապարտվել են 10 տարի ազատազրկման, հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեջ մեղադրվող Կարեն Պետրոսյանը և Արթուր Ավետիքյանը դատապարտվել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Արթուրի եղբայր Դավիթ Ավետիքյանի նկատմամբ սահմանվել է  500.000 դրամի չափով տուգանք: