Home / Հայաստան / «Հարսնաքարի» և Պողոս Պողոսյանի դեպքերին վերաբերող նախագծերը չընդգրկվեցին ԱԺ քառօրյայում

«Հարսնաքարի» և Պողոս Պողոսյանի դեպքերին վերաբերող նախագծերը չընդգրկվեցին ԱԺ քառօրյայում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի երկու նախագծերը չեն ընդգրկվել այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցն ԱԺ-ից, նախագծերից առաջինը կոչվում էր «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու մասին»: Դրա հեղինակներ են Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Խաչատուր Քոքոբելյանը:

Երկրորդ նախագիծը վերաբերում է 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծին, որի հետևանքով մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, և 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Պոպլավոկ սրճարանում տեղի ունեցած ծեծին, որի հետևանքով մահացել էր Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը:

Օրենքի նախագծի հեղինակները՝  Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը, պահանջում են «առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենքի երկու նախագծերը՝ «Միջին կենսափոշակների նշանակման կարգի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին», նույնպես չեն ընդգրկվել քառօրյայի օրակարգում:

Օրակարգում տվյալ նախագծերն ընդգրկելու դեմ են քվեարկել հիմնականում Հանրապետական կուսակցության պատգամավորները:

Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» դեպքին առնչվող նախագիծը նոյեմբերի 9-ին քննարկվել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 4 «կողմ» և 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ այն արժանացել էր հանձնաժողովի ոչ դրական եզրակացությանը:

Tekali Taxi