Երևանը հետաքրքիր է նաև եգիպտացի զբոսաշրջիկների համար
Երևանի քաղաքապետարան աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության խոշորագույն «Լաքի Տուրս» տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ։ Գևորգյանը հյուրերին ներկայացրել է քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը տուրիզմի ոլորտում, մասնավորապես, առանձնացվել են Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված քաղաքապետարանի կողմից իրականացված միջոցառումներն ու ծրագրերը:
Եգիպտական կողմը նշել է, որ Երևանը կարող է հետաքրքիր լինել հատկապես մշակութային ժառանգության տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը հյուրերին ներկայացրել է Երևան քաղաքի զբոսաշրջության առումով ներուժը՝ նշելով, որ զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը պատմամաշակութային զբոսաշրջությունն է: Տուրերի ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Երևանի մշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին, հակական ինքնատիպ խոհանոցին և այլն։ Հյուրերին ներկայացվել է նաև իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղին:
Գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով, կողմերը պայամանավորվել են հետագա համագործակցության ուղղությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: