Երգելը նրա մասնագիտությունն է. «Ժառանգությունը» Ձախ Հարութից նեղացած չէ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երեկ կազմակարպած համերգին երգել է Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութը), ով 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտարարել էր, որ սատարում է «Ժառանգություն» կուսակցությանը:
«Րաֆֆի ջան, իմացիր, որ դու մենակ չես, ամբողջ սփյուռքը և հայ ժողովուրդը քո հետ է», - նախընտրական քարոզարշավի «Ժառանգության» տեսահոլովակում ասում է Փամբուկչյանը:
Հիշեցնենք, որ երեկվա համերգը նվիրված էր Ուսանողների միջազգային օրվան, տոմսերը բաժանվել են պետական համալսարանների ուսխորհուրդներում և հիմնադրամում: Համերգին ուսանողներին շնոհրավորական խոսք է ասել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք խնդիր չեն տեսնում նրանում, որ իրենց նախընտրական քարոզարշավին մասնակցած երգիչը ՀՀԿ-ի հովանավորության ներքո կազմակերպված միջոցառմանն էլ է երգել:
«Դա նրա մասնագիտությունն է: Նորմալ եմ համարում, որ երգել է այդ միջոցառմանը: Որևէ դատապարտելի բան չեմ տեսնում»,- ասել է Հակոբյանը:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ ասել է, որ Փամբուկչյանը ինքն է պատրաստակամություն հայտնել սատարել «Ժառանգությանը», իսկ թե փոխվել է ինչ-որ բան երգչի քաղաքական հայացքներում, Խուրշուդյանին հայտնի չէ: Ինչևէ, Խուրշուդյանը չի բացառել համագործակցությունը Փամբուկչյանի հետ նաև նախագահական ընտրությունների արշավի ժամանակ: