Գլխավոր / Տեսանյութեր / «Հակահարված»-ի ակտիվիստներին ազատ են արձակել ոստիկանությունից (թարմացված)

«Հակահարված»-ի ակտիվիստներին ազատ են արձակել ոստիկանությունից (թարմացված)

«Հակահարված» ընդդիմադիր նախաձեռնության անդամներին ազատ են արձակել Ոստիկանությունից: Ավելի վաղ ՀԱԿ-ի ակտիվիստ Արեգ Գևորգյանը գրել էր, որ տղաներին հրավիրել են իբր հաղորդում տալու, սակայն նրանք գտնվում են բերման ենթարկվածների կարգավիճակում, ոստիկանների կողմից նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվում:

Հիշեցնենք, որ «Հակահարվածի» 5-6 անդամներ այսօր, ժամը 13.00-ի սահմաններում մտել են ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք և  բարձրախոսով կոչ են արել ուսանողներին ճանաչել և կարողանալ պաշտպանել իրենց իրավունքները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր խմբի անդամներից Թաթուլ Սարոյանը:

Վերջինս նշել է, որ իրենց մոտեցել է ֆակուլտետներից մեկի դեկանը, որի անունը Սարոյանը չի իմացել, և սկսել է քաշքշել խմբի անդամ Հերբերտ Գևորգյանին:

Այդ ընթացքում խմբին մոտեցել են շենքի անվտանգության աշխատակիցները մի քանի քաղաքացիական հագուստով անձանց հետ, վերջիններս էլ հարձակվել են երիտասարդների վրա և ծեծել են նրանցից մեկին՝ Արտակ Գևորգյանին: Երիտասարդը բերանի հատվածում վնասվածքներ է ստացել:

Թաթուլ Սարոյանի խոսքով՝ ինքն այնպիսի տպավորություն է ստացել, որ իրենց վրա հարձակված երիտասարդները գործել են շենքի անվտանգության աշխատակիցների հրահանգով, քանի որ այդ ամենը տեղի էր ունենում նրանց աչքի առջև:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր նախաձեռնությունը բազմիցս բողոքի ակցիաներ է իրականացրել. նրանք ՀԱԿ ակտիվիտների դեմ ընդունված վճռի վերաքննիչ քննության մեկնարկից հետո Հյուսիսային պողոտայում տղաների նկարներն են փակցրել՝ «Հակահարված ռեժիմին» գրառումով:

Նախաձեռնության անդամները նաև ԱԺ դարպասներին են փակցրել Սերժ Սարգսյանի լուսանկարով և «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ պաստառը, որը, սակայն, հեռացվել է րոպեներ անց:

Թաթուլ Սարոյանը հեղափոխության թեմայով նկարներ է ներկայացրել նաև մի քանի ցուցահանդեսներում: «9 արտիստ+20 տարի» ցուցահանդեսում ներկայացրած իր գործը մեկնաբանելու Epress.am-ի խնդրանքին Թաթուլ Սարոյանը պատասխանել էր . «Ես արվեստ չեմ անում, ես հեղափոխություն եմ անում»: