Գլխավոր / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հակահարված»-ի անդամը պատմել է ոստիկանների «լկտի վերաբերմունքի» մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հակահարված»-ի անդամը պատմել է ոստիկանների «լկտի վերաբերմունքի» մասին

«Հակահարված» նախաձեռնության անդամ Հերբերտ Գևորգյանը Epress.am-ին պատմել է, թե ինչու են իրենց այսօր հրավիրել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ «Հակահարվածի» 5-6 անդամներ այսօր, ժամը 13.00-ի սահմաններում մտել են ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք և  բարձրախոսով կոչ են արել ուսանողներին ճանաչել և կարողանալ պաշտպանել իրենց իրավունքները: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր խմբի անդամներից Թաթուլ Սարոյանը, իրենց մոտեցել է ֆակուլտետներից մեկի դեկանը, որի անունը Սարոյանը չի իմացել, և սկսել է քաշքշել խմբի անդամ Հերբերտ Գևորգյանին:

Այդ ընթացքում խմբին մոտեցել են շենքի անվտանգության աշխատակիցները մի քանի քաղաքացիական հագուստով անձանց հետ, վերջիններս էլ հարձակվել են երիտասարդների վրա և ծեծել են նրանցից մեկին՝ Արտակ Գևորգյանին: Երիտասարդը բերանի հատվածում վնասվածքներ է ստացել:

Հերբերտ Գևորգյանի խոսքով՝ իրենց հրավիրել են պարզաբանում գրելու, սակայն շատ անհարգալից են վերաբերվել:

«Տարան այնտեղ ու սկսեցին մեզ հետ շատ անհարգալից վերաբերվել: Հենց ներս մտանք, ոստիկաններն ասեցին՝ հլը շարվեք պատի տակ, ասում էին՝ հեռախոսով խոսել չի կարելի: Մի խոսքով, ոստիկանները կենտրոնի բաժնում իրենց շատ լկտի ու խուլիգանական ձևով էին պահում: Մենք էլ հրաժարվեցինք որևէ պարզաբանում տալուց»,- ասել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ խմբի անդամները ի սկզբանե մտադիր էին ներկայացնել հաղորդում հանցագործության մասին, սակայն, քանի որ ոստիկաններն իրենց նման կերպ են պահել, երիտասարդները հրաժարվել են բացատրություն տալ և դուրս են եկել ոստիկանության բաժնից:

Տեսանյութը՝ ilur.am-ի

Լուսանկարը՝  Անի Գևորգյանի