Home / Հայաստան / Ընտրության օրվա տաքսիները. Ավանում սեփական մեքենայով տեղամաս գնացողները ընդդիմադի՞ր են

Ընտրության օրվա տաքսիները. Ավանում սեփական մեքենայով տեղամաս գնացողները ընդդիմադի՞ր են

Այսօր Ավանի տաքսի ծառայությունների հեռախոսավարները պատվերների զանգերին պատասխանել են` «ազատ մեքենա չունեք»: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Ավանի բնակիչներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ:

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ այսօր թիվ 1 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ Ավանի տաքսիները, որոնք պատկանում են ՀՀԿ-ական թեկնածուի մերձավորների տաքսի ծառայություններին, հատկացված են եղել ընտրություններ գնացող մարդկանց անվճար սպասարկելու համար: Մեր զրուցակցի խոսքով՝ Ավանի տարբեր շենքերի բակերում տաքսիներ էին գանգնած և առաջարկում էին ընտրության գնացողներին անվճար տանել ընտրատեղամաս:

«Մենք կատակում էինք, թե ով սեփական մեքենայով է գնում, ուրեմն ընդդիմադիր է», – ասել է մեր զրուցակիցը:

Ավանի մեկ այլ բնակիչ պատմել է, որ իրենց տան վրա գրանցված նախկին տերերի անուններն է հայտնաբերել ցուցակներում: Բնակիչն այդ սխալը նկատել էր դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ և դիմել Ստյոպա Սաֆարյանի շտաբին, իսկ Սաֆարյանը շնորհակալություն էր հայտնել և խոստացել զբաղվել խնդրով:

«Այսօր ցուցակում նաև մեր տան նախկին տիրոջ ընտանիքի երեք անդամները, անուներն էր գրանցված մեր տան վրա: Դիմեցինք հանձնաժողովի անդամներին, Սաֆարյանի վստահված անձն ասաց, թե՝ այո, ճիշտ եք` սխալ է, իսկ հանձնաժողովի նախագահն ասաց, թե ցուցակների հարցով անձնագրային բաժինն է զբաղվում և իրենք «կախել են այն, ինչ անձնագրայինը տվել է»», – պատմել է քաղաքացին:

Թիվ 27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մարդկանց Ավանում ընտրատեղամաս են տարել նաև երթուղային մեքենաների շարասյուններով, մի քանի տեղամասերում ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանն ունեցել է երկու վստահված անձ, առկա է եղել նաև թանաքների հայտնի խնդիրը:

«Մարդիկ կային` իրար ասում էին, որ չմոռանան երկրորդ համարին պետք է քվեարկեն, այսինքն` իրենք չէին էլ հիշում՝ ում պետք է ընտրեն: Մի հոգի էլ, երևի չիմանալով, որ ես իրանցից չեմ, ասաց, որ փող են տվել, ինքն էլ ընտրում է», – պատմել է Իոաննիսյանը:

Նա ոստիկանությանը խնդրել է անձին բերման ենթարկել, որից հետո պարզվել է, որ այդ մարդը ևս ոստիկանության սպա էր:

Հիշեցնենք, որ այսօր թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան համանքը և Նոր Նորք համայնքի փոքր մասը, անցկացվում են լրացուցիչ խորհրդարանական ընտրություններ:  Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված են «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը և ՀԺԿ անդամ Էդուարդ Պետրոսյանը:

Tekali Taxi