Home / Հայաստան / «Մոդեռնիզացիա». Մետրոպոլիտենի եկամուտներն աճել են. Աշխատավարձերը բարձրացրել են 5 տոկոսով

«Մոդեռնիզացիա». Մետրոպոլիտենի եկամուտներն աճել են. Աշխատավարձերը բարձրացրել են 5 տոկոսով

Այսօր շահագործման է հանձնվել մետրոյի ևս մեկ ՝ թվով 10-րդ մոդեռնիզացված վագոնը: Արարողությանը մասնակցել են արդիականացումը ֆինանսավորած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության ներկայացուցիչները, մետրոպոլիտենի աշխատակիցները: Վերջիններս լրագրողներին խորհուրդ են տվել մոդեռնիզացիան չխառնել վերանորոգման հետ, քանի որ, նրանց խոսքով, մոդեռնիզացիան ավելի հիմնովին աշխատանքներ է ենթադրում:

Կազմակերպիչները լրագրողներին նախ հին, ապա մոդեռնիզացված վագոնն են նստեցրել՝ տարբերությունը նկատելու համար, և իջեցրել են «Երիտասարդական» մետրոյի կայարանում, որտեղ էլ տեղի է ունեցել ասուլիսը՝ աղմուկի մեջ, առանց բարձրախոսների:

«Մետրոյի մոդեռնիզացման ծրագիրը ամենահաջողը տարածաշրջանում մեր երկրում է եղել: 2010 թվականին 15 միլիոն եվրո ներդրում է կատարվել: Բարելավվել ենք մետրոյի անվտանգության համակարգը, վերանորոգվել են բոլոր կայարանները: Դա միայն առաջին փուլն էր, որն ավարտվելու է եկող տարի սեպտեմբերին: Սակայն երկրորդ փուլի ֆինանսավորումը՝ ևս 15 միլիոն եվրո, ևս տրամադրվել է»,- ասել է մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:

Նրա խոսքով՝ վերանորոգման կարիք ունի ևս 20 վագոն, սակայն թե քանիսը հնարավոր կլինի վերանորոգել երկրորդ փուլի գոմարով՝ կախված է այն բանից, թե ինչպես գումարը կտնտեսվի:

Մետրոյի սակագինը 100% թանկացնելուն անդրադառնալով (անցյալ տարի բարձրացավ 50-ից 100 դրամ – խմբ.)՝ Յայլոյանն ասել է, որ այդ քայլը արդարացված էր:

«Մեր ուղևորների թիվը 25%-ով պակասել է, սակայն եկամուտներն ավելացել են 40% ով: Ուրեմն արդարացված էր թանկացումը, պարզ չէ՞», – ասել է մետրոպոլիտենի տնօրենը:

Թանկացման արդյունքում հավաքված գումարով,ըստ նրա, անվտանգության միջոցառումներ են կատարվել, փոխվել են հին շարժասանդուղքները, վերանորոգվել է գծային համակարգը: Թե ինչու եկամուտների աճը չի հանգեցրել նաև աշխատողների աշխատավարձի բարձացմանը հարցին՝ Յայլոյանը պատասխանել է, որ աշխատավարձը 5%-ով բարձրացել է:

Ըստ տնօրենի՝ քանի դեռ մետրոպոլիտենը լավ վիճակում չէ, ավելորդ է խոսել նոր կայարանների ծրագրի մասին, դա «շատ հեռավոր ապագայի հարց է» :

Tekali Taxi