Home / Հայաստան / Թուրք լրագրողին դատապարտել են Դինքին սպանած երիտասարդին գովերգելու համար

Թուրք լրագրողին դատապարտել են Դինքին սպանած երիտասարդին գովերգելու համար

Սամսուն քաղաքի բնակիչ, թուրք լրագրող Օքան Բաշը դատապարտվել է 1 տարվա և 11 ամսվա ազատազրկման «Սթաթյուքո» պարբերականում ատելություն սերմանելու և 2007 թվականի հունվարի 19-ին հայազգի լրագրող Հրանտ Դինքին գնդակահարած ազգայնական Օգյուստ Սամասթին գովերգելու համար: Նշենք, որ դատաքննությունն ավարտվել էր հոկտեմբերին, ապա դատավոր Մուրաթ Սարիյիլդիզը որոշում էր կայացրել հետաձգել պատժի կիրառումը 5 տարով: Լրագրողի դեմ բողոք էր ներկայացրել «Կանխենք ռասիզմն ու ազգայնամոլությունը» նախաձեռնությունը:

Բաշը 15 ամիս ստացել է 215 հոդվածով (հանցագործությունը և հանցագործին գովերգելը), ևս 8 ամիս 216 հոդվածով (ատելության սերմանում):

Օքան Բաշը պարբերականի խմբագրերից մեկն է, և հեղինակած սյունյակը վերնագրված է եղել «Պարոնայք, ի՞նչ վատություն են Ձեզ արել ազգայնականները»:

«Գիտեք, որ Սամասթի պես տղան երկար տարիների ազատազրկման է դատապարտվել Հրանտ Դինքին սպանելու համար, իսկ վերջինս ասել էր. «Թուրքի արյունը կեղտոտ է»: Սամասթը լավ բան է արել, այդպես չէ՞», – մասնավորապես, գրել է Բաշը:

Նա նաև մեղադրել է Թուրքիայի կառավարությանը՝ նշելով, որ վերջինս «հանդուրժում է օտարներին, որոնք ասում են՝ «թուրքի արյունը կեղտոտ է», և ոտնահարում են ազգայնականության սկզբունքները՝ փորձելով թուրքերին ինտեգրել հայերի հետ»:

Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը՝ Հական Բաքիրչիօղլուն, Today’s Zaman-ի հետ զրույցում նշել է, որ սա եզակի դեպքերից է, երբ 216 հոդվածը ճիշտ է կիրառվել, և նման վճիռները կօգնեն հետագայում կանխել այդ կարգի զրպարտող հրապարակումները:

Tekali Taxi