«Անուշ Սեդրակյանի թեկնածությունը հավանական է». ԱԴ-ն որոշում կկայացնի առաջիկա օրերին
«Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցությունը նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին որոշում կկայացնի առաջիկա օրերին, երբ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կվերադառնա Հայաստան և կուսակցությունը վարչության նիստ կհրավիրի:
Այս մասին Epress.am-ին հայտնել է ԱԴ-ի մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ «գնալով ավելի հավանական է դառնում Անուշ Սեդրակյանի թեկնածության առաջադրումը»:
«Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցը կուսակցության քննարկումների օրակարգում չկա: Կուսակցությունը նաև բացառում է գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելը: «Մենք ընդդիմադիր ուժ ենք և Հայաստանում առկա խնդիրների լուծումն ու Հայաստանի ապագան չենք կապում գործող իշխանությունների հետ: Ուստի անհնար է, որպեսզի մենք պաշտպանենք Սերժ Սարգսյանին»,- ասել է Անժելա Խաչատրյանը: