2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ում միջև է իրական պայքարը. կայացան Թերլեմեզյանի անվան քոլեջի ղեկավարի ընտրությունները

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում այսօր ավարտվել է տնօրենի պաշտոնի բաց մրցույթը, որի ընթացքում ստացած ձայների մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը:

Մրցույթի մասնակից երեք թեկնածուներ՝ մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանը, նկարիչ Դավիթ Դավթյանը և մանկավարժ Արմեն Հարությունյանը  մասնակցել են մրցույթի երկու փուլերին՝ 1-ին փուլում պատասխանելով գրավոր 20 հարցի, որից 50 տոկոսը մասնագիտական են եղել, 2-րդ փուլում՝ բանավոր 5 հարցերի, որից հետո ներկայացրել են իրենց ծրագրերը:

Հանձնաժողովի 11 անդամները 1-ին փուլից հետո քվեարկություն են կատարել և արդյունքում Արմեն Հարությունյանը ստացել է 100, Աննա Մնացականյանը 95, Դավիթ Դավթյանը 90 միավոր:

Երկրորդ՝ բանավոր  փուլում, Դավիթ Դավթյանը չի պատասխանել 5 հարցերից ոչ մեկին, Արմեն Հարությունյանը և Աննա Մնացականյանը տվել են 1 սխալ, 4 ճիշտ պատասխաններ:

Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամներն ամփոփել են արդյունքերը: Դավիթ Դավթյանը ստացել է 2 ձայն, Արմեն Հարությունյանը՝ 8, Աննա  Մնացականյանը՝ 11:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Փափազյանը նշել է, որ թեկնածուները 1 ժամվա ընթացքում կարող են բողոքարկել արդյունքները, իսկ վերջնական որոշումը կկայացնի Կրթության և գիտության նախարարությունը:

Ընտրությունների ավարտից հետո Դավիթ Դավթյանը նշել է, որ ինքը պատրաստված է եղել բոլոր հարցերին:

«Կմտածեմ, երբ ինձ համար կվերլուծեմ ամենը, հետո որոշում կկայացնեմ», - ասել է նա:

Դավիթ Դավթյան

Աննա Մնացականյանն էլ նշել է, որ ինքը մասնակցել է մրցույթին ու ստացել է իր քվեները:

«Անկախ ամեն ինչից, կբողոքեն ուսանողները, թե ոչ, ես երբեք ուսանողների հետ հարցեր լուծել չեմ պատրաստվում, բայց պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք ունեմ, ինչպես յուրաքանչյուր ոք Հայաստանում: Որպես տնօրենի պաշտոնակատար՝ բազմաթիվ  որոշումներ եմ կայացրել, որոնք ընթացքի մեջ են՝ լաբորատորիաների հիմնում, ձուլարանի շահագործում, մտնում ենք  կիսամյակային քննությունների փուլ, կազմակերպում ենք զինծառայության մեկնող ուսանողների քննությունները, այնքան գործեր կան, որոնք նոր են սկսվում», - ասել է Մնացականյանը:

Աննա Մնացականյան

Արմեն Հարությունյանն էլ նշել է, որ արդյունքները չի բողոքարկելու:

«Ինչո՞ւ բողոքարկեմ: Եթե անգամ բոլորն ինձ դեմ քվեարկեին, միևնույնն է, նման բան չէի անի», - ընդգծել է մեր զրուցակիցը:

Արմեն Հարությունյան

Ընտրությունների ավարտից հետո մոտ 15-20 ուսանողներ հավաքվել էին քոլեջի մուտքի մոտ՝ նշելով, որ իրենք բողոքարկելու են արդյունքները:

«Վերջերս կազմակերպված ստորագրահավաքի արդյունքում ունեինք մոտ Թերլեմեզյանի 300 ուսանողների, 20-ից ավել՝ քոլեջի դասախոսների, դրանից բացի ունեինք Գեղարվեստի ակադեմիայի ու ուսանողների մեծ մասի, նաև նախկին թերլեմազյանականներից ու արվեստի բնագավառի մարդկանց ստորագրությունները, որոնք գտնում են, որ ոչ լեգիտիմ թեկնածուն չպետք է մասնակցեր մրցույթին: Մշակութային ոչ հեշտ ժամանակներ ապրող մեր երկրում մեծ առաքելություն է վերապահված արվեստի կրթօջախներին, որոնց ղեկավարումը չի կարող հայտնվել պատահական մարդկանց ձեռքում: Ժամանակը ցույց կտա, թե Վարչական դատարանում կքննվի այս հարցը, թե՞ քաղիրավական: Մենք պահանջելու ենք, որ քոլեջի տնօրենն ունենա համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, այս պարագայում՝ մանկավարժի կրթություն, այս կետը խախտվել է: Մեր խնդիրը Աննա Մնացականյանը չէ, ուղղակի մենք գտնում ենք, որ երեք թեկնածուներից երկուսը համապատասխանում են տվյալ կրթօջախում տնօրեն լինելուն, մեկը՝ Աննա Մնացականյանը՝ ոչ: Մենք կողմ ենք, որպեսզի տնօրեն դառնան նրանք, ովքեր համապատասխանում են այդ պաշտոնին», - ասել է ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանը:

Գևորգ Պողոսյան

Ուսանողներից մեկն էլ նշել է, որ տնօրենին ժառանգականության սկզբունքով են ընտրում:

Epress.am-ի թղթակիցը զրուցել է նաև քոլեջի մի շարք աշխատակիցների հետ, ովքեր չեն ցանկացել, որպեսզի իրենց անունը նշվի: Նրանց խոսքով՝ ուսանողների պայքար իրականում չկա: Աշխատակիցներից մեկի խոսքով՝ Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջը ծաղկել է Աննա Մնացականյանի ամուսնու՝ հանգուցյալ Նարեկ Առուշանյանի օրոք, ով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Ալվարդ Պետրոսյանի որդին է:

Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայումս քոլեջում ծավալված պայքարն իրականում վեճ է Աննա Մնացականյան-Ալվարդ Պետրոսյան զույգի և վերջինիս զարմուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի միջև, ով չի ցանկանում, որպեսզի Մնացականյանն ընտրվի, և ուղղորդում է մի շարք ուսանողների:

Epress.am-ի զրուցակիցներից մեկն էլ նշել է, որ Աննա Մնացականյանը շարունակում է իր ամուսնու գործը և բավական լավ է կատարում տնօրենի պարտականությունները: