Home / Տեսանյութեր / Քննությունն ավարտվեց. խաբված բնակարանատերերը պահանջում են պատժել բարձրաստիճան պաշտոնյաներին

Քննությունն ավարտվեց. խաբված բնակարանատերերը պահանջում են պատժել բարձրաստիճան պաշտոնյաներին

Հատուկ քննչական ծառայությունն օրերս ավարտել է «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, որը վերաբերում էր նորակառույցներում միևնույն բնակարանը մի քանի անգամ վաճառելուն և խարդախությամբ առանձնապես խոշոր գումարներ շորթելուն:

Բուզանդի, Արամի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերը պնդում են, որ իրենք «քցված են» պետական մարմինների կողմից ու իրենց գումարները պահանջում են հենց պետությունից:

«Մեզ չի վերաբերում՝ «Գագիկ Պապոյանին մեդա՞լ կտան, թե կախաղան կբարձրացնեն»: Հուսանք՝ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ մենք հավատանք, թե մեր երկրում ամեն ինչ դեռևս անդառնալի կորած չէ, ուրեմն կմաքրի իր շրջապատը՝ բռնելով գող-իշխանավորների ձեռքը: Այսօր Հայաստանում կազմակերպված սեփականության թալան է, որը պատիվ չի բերում ոչ ժողովրդին, ոչ իշխանություներին, ոչ էլ նախագահին, որ հիմա էլ հայտարարում է, թե գնում ենք դեպի ապահով երկիր: Մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա Սերժ Սարգսյանի ոչ մի խոսքին», – Еpress.am-ի հետ զրույցում ասել է բնակարանատերերից Սոնա Մաղաքյանը, ով մի քանի տարի պայքարում է բնակարանները հետ ստանալու համար:

«Ինչպես սպասվում էր՝ ՀՔԾ-ն չհամարձակվեց ներգրավել մեր մատնանշած բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք, իրականում ամենամեծ դերակատարությունն են ունեցել խարդախության շղթայում»,- ասել  է Մաղաքյանը:

Նրա խոսքով՝ քավության նոխազ դարձնելով միայն շինարար Գագիկ Պապոյանին, ՀՔԾ-ն բավարարվել է գործի քննությամբ՝ նմանվելով այն վիրաբույժներին, ովքեր  ասում են՝ «բացեցինք, տեսանք չարորակ ուռուցք էր՝ փակեցինք»:

«Քրեական գործը իրոք մեր հասարակության չարորակ ուռուցքն է ու ներգրավում է պետական պաշտոնատար անձանց բոլոր օղակները՝ սկսած Արդարադատության նախարարությունից, նոտար Ալվարդ Մելքոնյանով, նախարարության այն բաժիններով, որոնք պարտավոր էին ամիսը մեկ ստուգել են նոտարի աշխատանքը, բայց տեսել ու միտումնավոր պառտակել, կոծկել, թաքցրել են, այնուհետ՝ հարկային մարմիններով, որոնք, պարտավոր էին պարբերաբար ստուգել Պապոյանի կատարած աշխատանքները, բայց շատ զարմանալի է՝ երբեք չեն եկել ու չեն ստուգել: Գործում ներգրավված են նաև Երևանի քաղաքապետարանը՝ հանձին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և իր ղեկավարած ծրագրերի իրականացման գրասենյանկի, ովքեր պարտավոր էին հանրային գերակա շահ ճանաչված տարածքում հսկել շինարարությունը, բայց հակառակն են արել. ամեն ինչ արել են, որ պատկերը խճճեն ու պղտոր ջրում ձուկ որսան, անշարժ գույքի պետական կադաստրի գրասենյակը, որը ամբողջ բակը, փողոցը, ճանապարհները՝ սկսած հասարակական զուգարանից, ներկայացրել են սեփականություն և յուրացրել են առանձնապես խոշոր չափի գումարներ, ինչպես նաև մեր վերահսկաղական բոլոր մարմնինները՝ սկսած նախագահի վերահսկողական մարմիններից, ավարտած դատախազությունով ու ոստիկանությունով», – նշել է մեր զրուցակիցը:

Մաղաքյանը համոզմունք է հայտնել, որ բոլորն իմացել են, որ իրոք այնտեղ խնդիր գոյություն ունի, սակայն փոխանակ հարցը լուծելու՝ հայտնվել են գումար ստացողների ցուցակում:

«Առանձնապես տարօրինակ է, որ, ըստ առկա փաստաթղթերի, դեռևս 2002 թվականին Գագիկ Պապոյանի դեմ հարուցված է եղել քրեական գործ՝ հարկերը չվճարելու համար: Տրամաբանորեն դրանից հետո պետեկամուտների նախարարության հարկային տեսչությունը պետք է ավելի ինտենսիվացներ իր ստուգումները, սակայն զարմանալի է՝  նրան են հանձնարարել 3 շենքերի շինարարությունը  ու ոչ մի անգամ չեն ստուգել՝ փոխարենը, վարչության պետն ու իր թիմակիցները շատ հանելուկային, չարտոնված ստուգումներ է անցկացրել, որի արդյունքում, ըստ քրեական գործի նյութերի, առանձնապես խոշոր գումարներ է տարել, այնուհետ իր տեսակին բնորոշ պղտորությամբ,կադաստրի աշխատակիցները ընդամենը 1000 քմ բնակտարածքը այնքան են ուռճացրել, չեղած փեփականության այնպիսի վկայական են հանել, որ 1000 քմ-ի փոխարեն ստացվել է, որ շուրջ 5000-6000 քմ-ի պայմանագիր են կնքել: Բնական է, որ նման պայմաններում շինարարն աշխատել չէր կարող ու ստացվել են կրկնակի վաճառքներ», – պատմել է բնակարանատերը:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր պարտավոր են եղել կանխել այս ամենը՝ հենց նույն շենքերում բնակարաններ են ստացել:

«Ոստիկանության աշխատակից, գնդի հրամանատար Միշա Աղվանի Թադևոսյանը քննության ժամանակ անկեղծ խոստովանել է՝ «մենք գիտեինք, որ այնտեղ խնդիր գոյություն ունի, կրկնակի վաճառք, 2008 թվականին ես իմ գումարն ստացա ու հետ կանգնեցի»: Պարզվում է՝ ոստիկանությունում իմացել են այդ մասին, այնինչ, իմանալն ու պառտակելը քրեորեն պատժելի է: Փոխանակ կանխելու ու  դեմն առնելու՝ բոլոր ոստիկանության պաշտոնյաները հայտնվել են մեր շենքում ու այն վերածվել է յուրահատուկ քաղմասի», – պատմել է մեր զրուցակիցը:

Նա ավելի զավեշտալի է համարել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի գործը:

«Դեռևս 90-ականներին՝ Եկմալյան 1/6 հասցեում գտնվող նրանց տունը իրացվել է և Պուշկինի 43-ում բնակարան են ստացել: Ինչպես բոլոր իրացված տարածքներում, հանկարծ ֆիքսել են, որ արխիվում իրենց անուն-ազգանունով թղթի կտոր կա ու դարձել են չակերտավոր սեփականատեր: Երբ հարցնում ենք՝ «ի՞նչ հիմքերով եք ստացել», մայրը՝ Լաուրա Աբրահամյանն ասում է, որ ինքը որպես իրացված տարածքի բնակիչ է ստացել բնակարանը: Զարմանալի է, որ այդ բնակարանը, որը իրացվել է, պատկանել է բոլորովին այլ անձի, իսկ ինքը տուն գնել է մի մարդուց, որը սեփականության իրավունք չի ունեցել: Արդյունքում՝ Ներսիսյանը կարողացել է ճարպկորեն շատ մեծ բնակարանի, բիզնես տարածքի ու ավտոտնակի պայմանագիր հանել՝ ընդամենը 400-500.000-դոլար արժողությամբ: Այդ կեղծիքը կարող է շատ թանկ նստել, եթե իհարկե իրավապահները համարձակվեն քրեական գործ հարուցել Ներսիսյանի նկատմամբ», -պատմել է Մաղաքյանը:

Նա նշել է, որ Պապոյանի սնանկացման պատճառները խիստ ակնհայտ են:

«Պատգամավոր Հարութ Փամբուկյանը 2 միլիոն դոլար է փոխանցել՝ իբր շինարարությունը սկսելու նպատակով: Ըստ քրեական գործի նյութերի, 2 միլիոնը ստացել է ոչ թե Պապոյանը, այլ Սիմոն Աղազարյանը, ով գումարը վատնել է ԾԻԳ-ի, կադաստրի աշխատակիցների հետ՝ չունեցած սեփականության փոխարեն վճարումներ կատարելուն: Խոշոր գումարները մսխվել են դրա վրա: Կան մարդիկ, ովքեր 20 քմ-ոց փոքրիկ տնակ, դրա փոխարեն ստացել են շուրջ 500 հազար դոլար գումար, բնական է, որ նման  պայմաններում նա պետք է անանկանար: Հետագայում այդ գումարները վատնվել են Սիմոնի ու պատական պաշտոնյաների գրպանում, սակայն հայտնվել է Հարութ Փամբուկյանը և  իր տված գումարների փոխարեն առանձնապես խոշոր տոկոսներով պահանջել իր գումարները տարածքի տեսքով: Եթե մեր իրականության մեջ որևէ մեկը համարձակվի իր հարևանին  5 տոկոսով փող տա, անպայման նրան որպես վաշխառու կդատեն, իսկ մեր Հարութ Փամբուկյանը, տարիներ հետո, Գագիկ Պապոյանից ստացել է իր տոկոսներով բնակարանները, որի գումարը գերազանցում է 5 տոկոսը», – ասել է Մաղաքյանը:

Խաբված բնակարանատիրոջ խոսքով՝ «եթե ունենայինք նորմալ իրավական համակարգ, ապա նրանք, բոլորը, որպես քրեական հանցագործներ, պետք է դատվեին ու բոլորի պայմանագրերը պետք է չեղյալ հայտարարվեին:

«Նույն կերպ է վարվել նաև Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավար  Արտաշես Պապոյանը՝ իր վերադաս Արտավազդ և Նարիկ Պետրոսյանների միջոցով: Փոխանցել են 2,5 միլիոն դոլար ու փոխարենը ստացել այդ գումարը մի քանի անգամ գերազանցող տարածքներ: Բնական է, որ այդ շենքը ձգվել, երկարել չէր կարող և արդյունքում այսպիսի վաշխառությունների, թալանի պատճառով տակը քառակուսի չի մնացել շարքային քաղաքացիներին բավարարելու համար», -ասել է Մաղաքյանը:

Նա նշել է, որ խաբված բնակարանատերերը  գտնում եմն, որ Գագիկ մեղավոր է, որ  մտել է այնպիսի դաշտ, որտեղ ինքը զորեղ չէ ու որտեղ թելադրում են զորեղները:

«Ինքը, լինելով, շարքային շինարար, իրավունք չուներ ոտք մեկնել խոշոր գազանների հետ, ովքեր հոշոտել են իրեն, բայց ոչ թե իրն գույքը, այլ նրա մոտ գտնվող մեր՝ շարքայի քաղաքացիների գույքը: Մենք բազմիցս ասել ու ասում ենք՝ «Գագիկ Պապոյանին քավության նոխազ մի դարձրեք, ջրի երես հանեք իսկական հանցագործներին՝ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյան, քաղաքապետարանի ԾԻԳ-ի պետ Լևոն Հակոբյան, հարկային տեսչություն, Արդարադատության նախարարությունը՝ ողջ համակարգով, պետեկամուտների նախարարություն, նախագահի վերահսկողության ծառայություն», – եզրափակել է Սոնա Մաղաքայանը:

Tekali Taxi