2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Աշխարհի վերջի մասին լուրերը սադրանք են. մասնագետը բացատրել է՝ ինչու

Այսօր մոլորակների շքերթ չի լինելու, իսկ աշխարհի վերջ՝ առավել ևս. ամենը հնարված է ինչ-որ մարդկանց կողմից և տարածված ամբողջ աշխարհի լրատվամիջոցներում: Այս մասին այսօր Еpress.am-ի հետ զրույցում ասել է Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանը:

«Միակ ճիշտ բանը, որ տեղի է ունենում, այն է, որ այսօր ավարտվում է մայաների օրացույցը, սակայն դա չի նշանակում, որ մարդկությունը պետք է վերանա», - ասել է աստղագետը:

Նրա խոսքով՝  2000 թվականից մինչ օրս մարդկությունն անընդհատ մտածում է  աշխարհի վերջի մասին:

«Պարզապես մարդկանց հոգեբանական վիճակն այնպիսին է, որ անվերջ սպասում են նման երևույթների: 1000 տարի առաջ Եվրոպայում շատ տարածված էին նմանատիպ կարծիքներ, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչինչ տեղի չունեցավ», - նշել է աստղադիտարանի փոխտնօրենը:

Մաղաքյանը վստահեցրել է, որ նման լուրերը տարածվում են հատուկ սադրիչների կողմից, իսկ մարդիկ հավատում են:

«Արևի չորրորդ փուլի ավարտ գոյություն չունի, ինչպես ասվում է: Արևի ակտիվությունը բարձրանում է 11 տարին մեկ անգամ, հետո նորից դադարում է, նորից բարձրանում է, ու այսպես մի քանի հարյուր տարի շարունակ: Այսօր արևի վրա տեղի ունեցող երևույթները ոչնչով չեն տարբերվում մյուս օրերից», - նշել է մասնագետը:

Նա նաև հիշեցրել է, որ նման կերպ աշխարհի ավարտ չի լինելու:

«Ասեմ, որ որոշ մարդիկ, դրանից օգտվելով, վաճառել են մոմերը, ոսկիները: Ինչպես տեսնում ենք՝ արևը չխավարեց, ու դեղին մամուլի տարածած սուտ լուրերը չիրագործվեցին», - եզրափակել է Մաղաքյանը: