Գլխավոր / Հայաստան / Արամ Սարգսյանը բացատրել է՝ ինչու ՀՀՇ-ն չի հրավիրվել իր կուսակցության համագումարին

Արամ Սարգսյանը բացատրել է՝ ինչու ՀՀՇ-ն չի հրավիրվել իր կուսակցության համագումարին

«Հանրապետություն» կուսակցությունը չի հրավիրել իր համագումարին այն քաղաքական ուժերին, որոնց հասցեին հնարավոր է քննադատություն հնչի: Այս մասին այսօրվա համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու համագումարին չի հրավիրվել ՀՀՇ-ն, թեև ՀԱԿ անդամ մյուս քաղաքական ուժերին հրավեր է ուղարկվել:

Սարգսյանի խոսքով՝ քննադատության դեպքում այս կամ այն կուսակցությանը պետք է հնարավորություն տրվի պատասխանել, իսկ համագումարը չպետք է վերածվի բանավեճի:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արամ Սարգսյանը պատրաստ կլինի սատարել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե վերջինս առաջադրի իր թեկնածությունը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդն առաջարկել է սպասել՝ «գուցե ես ինքս առաջադրեմ իմ թեկնածությունը»: Իր որոշման մասին Սարգսյանը ոչինչ չի ասել՝ նշելով, որ հարցերի պատասխանները կտրվեն համագումարի ընթացքում:

Նշենք, որ Epress.am-ի թղթակիցը համագումարին նկատել է ՀԱԿ անդամ կուսակցություններից Ստեփան Մինասյանին, Գրիգոր Հարությունյանին (ՀԺԿ), Հրանտ Բագրատյանին (Ազատություն), Պետրոս Մակեյանին (Ժողովրդավարական հայրենիք), ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանին, ՀՀՇ վարչության նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին, ՀԱԿ-ի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանին: