ԿԳ նախարարը Թերլեմեզյանի տնօրենին պաշտոնապես դեռ չի նշանակում
Չնայած Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի նշանակման եռօրյա ժամկետը վաղուց անցել է, բայց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 14-ին կայացած մրցույթից հետո ոչ մեկին դեռ չի հրամանագրել քոլեջի տնօրենի պաշտոնում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Փոխարենը այս ընթացքում ԿԳ նախարարությունն իր ուշադրությունը սևեռել է ընտրությունների արդյունքներից բողոքող երկու թեկնածուների` Դավիթ Դավթյանի և Արմեն Հարությունյանի վրա. երկու օր առաջ նրանց կանչել են նախարարություն, բացատրական աշխատանքներ են տարել և հորդորել իրենց բողոքը հետ վերցնել, բայց թե Դավթյանը և թե Հարությունյանը հիմնավորել են իրենց բողոքները` կապված թեստավորման հարցերի, ընդունված պատասխանների և Աննա Մնացականյանի առաջադրվելու հետ՝ ի վերջո հրաժարվելով իրենց բողոքը հետ վերցնել: Այդքանով հանդերձ, ոչ ոք չի կասկածում, որ Աշոտյանն իր որոշումը հօգուտ Աննա Մնացականյանի է կայացրել, բայց, չգիտես ինչու, չի շտապում այն հրապարակել և վերջինիս հրամանագրել տնօրենի պաշտոնում: Հավանաբար, փորձելով լռեցնել բողոքող թեկնածուներին, փորձ է արվում ավելի անցավ դարձնել Աննա Մնացականյանի նշանակումը թերլեմեզյանականների համար», - գրում է «Հրապարակը»: