Home / Տեսանյութեր / Հայրիկյանի պաստառներին Արարատ լեռը փոխարինվել է նախագահական նստավայրով

Հայրիկյանի պաստառներին Արարատ լեռը փոխարինվել է նախագահական նստավայրով

Նախկինում Արարատի ֆոնի վրա պատրաստված ԱԻՄ-ի կարգախոսն արդեն վերջնական ու նոր ձևով է ամրագրվել. այսուհետ հանրությանը ներկայացվող կարգախոսը հայտնվելու է որոշակի պաստառների վրա՝ արդեն նախագահական նստավայրի ֆոնի վրա: Պաստառները կտեղադրվեն մոտ օրերս ու մի քանի տեղերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է  Հայրիկյանը:

««Կարգախոսի բովանդակությունն է՝ «Անկախության առաջնորդը՝ անկախ Հայաստանի նախագահ», բայց սա միայն սկիզբն է, ու ընթացքում կարող ենք նորամուծություններ անել», – ասել է Հայրիկյանը՝ չմեկնաբանելով, սակայն, թե ինչով է պայմանավորված կարգախոսի ֆոնի փոփոխությունը:

Նա նաև պատմել է, որ կամավոր աջակիցները՝ Հայրիկյանին աջակցողները, ում ինքը առաջարկել է կոչել Հայրիկյանի գործընկերներ, երեկ՝ նախընտրական քարոզարշավի առաջին օրը, Հայաստանով մեկ, բայց հիմնականում Երևանում բաժանել են մոտավորապես 20 հազար հիշեցումներ, թռուցիկներ, կարգախոսներ, ծրագրային փաստաթղթեր:

«Տարածվեցին նաև մեծ քանակությամբ խտասկավառակներ, այնտեղ հիմնականում ներկայացված են նորօրյա պատմության մոռացվող էջերից շարժանկարներ: Կոնկրետ ծրագրահենքը առայժմ պահվում է», – ասել է Հայրիկյանը:

Նա նաև նշել է, որ թեկնածուներից մեկը  քարոզարշավի հիմնադրույթ է դարձրել  շաբաթներ առաջ իր կողմից հստակ ասված միտքը՝ «Մենք պայքարում ենք ոչ թե դեմ, այլ՝ հանուն»։ Տեսեք, ես ասացի մամուլի ասուլիսում, անցավ, իսկ էսօր մեկը դա դարձրել է իր հիմնական կարգախոսն ու հիմնական մոտեցումը։ Դրա համար մենք մեր ծրագրահենքը կհրապարակենք ոչ թե որպես ընդարձակ ծրագիր, այլ ծրագրահենք», – եզրափակել է Հայրիկյանը: