Home / Հայաստան / «Տեխնիկական հեղուկ»-ի համար՝ 87500 դրամ. տնտեսավարողներին մտահոգում է նոր տուրքը

«Տեխնիկական հեղուկ»-ի համար՝ 87500 դրամ. տնտեսավարողներին մտահոգում է նոր տուրքը

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը Երևանի քաղաքապետարանի կողմից լրարցվել է նոր «ԺԳ» կետով, որով սահմավել է նոր տուրք՝ Երևան քաղաքի վարչական տարածքում՝ խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ընթացիք տարվա համար 87500 (ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ: Այս որոշման մասին Երևանում փոքր բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերին հիշեցում են ուղարկել թաղապետարանները:

Տնտեսվարողներին տրված հիշեցում թերթիկում ասվում է, որ համաձայն օրենքի՝ 7-օրյա ժամկետում տուրքը չվճարելու և առանց թույլտվության վաճառք իրականացնելու դեպքում՝ անձը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Epress.am-ը զրուցել է ոլորտում գործող մի քանի տնտեսավարողների հետ (նրանք չեն ցանկացել ներկայանալ – խմբ.), ովքեր հետևյալ երեք մտահոգություններն են հայտնել նոր տուրքի մասին: Առաջին՝ դրանով խաթարվում է տեղական տուրքերի սահմանման տրամաբանությունը, քանի որ տուրքը ենթադրում է կառավարման համակարգի մարմնի որևէ ծառայության դիմաց տրվող վարձ, մինչդեռ հեղուկը ներկրելու, վաճառելու համար տվյալ դեպքում քաղաքապետարան որևէ ծառայություն չի մատուցել:

Երկրորդ մտահոգությունն այն է, որ օրենքը հակասում է Սահմանադրության՝ ազատ մրցակցության երաշխավորման պահանջին, քանի որ անհավասար պայմաններում են հայտնվում Երևանում և մարզերում տեխնիկական հեղուկների առևտրով զբաղվող տնտեսվարողները: Եվ վերջապես, չկա սահմանված տեխնիկական հեղուկների ցանկ, իսկ դա շահարկումների առիթ կարող է տալ, օրինակ, օրենսդրական կետը լվացքի հեղուկը, ավտոմեքենայի յուղը և այլն համարո՞ւմ է արդյոք տեխնիկական հեղուկ, թե ոչ:

Epress.am-ը տվյալ հարցով դիմել է Երևանի քաղաքապետրան: Առևտրի և սպասարկման վարչությունից մեզ հայտնել են, որ օրենքն ընդունվել է ԱԺ-ում դեկտեմբերին: Համաձայն օրենքի, տնտեսվարող սուբյեկտները բոլոր հարկերի հետ միասին պետք է նաև այդ տուրքը վճարեն:

Հարցին, թե ինչո՞ւ է օրենքը միայն Երևանում գործում և ոչ այլ համայնքներում, պատասխան է հնչել, թե այդ մասին որոշում է կայացրել Երևանի ավագանին, իսկ թե ինչու այլ համայքները լրացուցիչ տեղական տուրք չեն սահմանել իրենց բնակիչների համար՝ չեն կարող ասել: Քաղաքապետարանի ներկայացուցիչը հաստատել է, որ չկա սահմանված տեխնիկական հեղուկների ցանկ, սակայն, ըստ նրա, դրա կարիքը չկա, քանի որ «տեխնիկական» բառը հուշում է, որ տեխնիկայի աշխատանքը բարելավող, վերականգնող հեղուկների մասին է խոսքը:

Tekali Taxi