2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նախկին քաղբանտարկյալը, հնարավոր է, կրկին միանա Ղուկասյանի հացադուլին՝ ընկերների հետ

Քանի որ Հայաստանը բռնազավթված է, իսկ հայ ժողովուրդն իր երկրում հպատակ է, պետք է մի կողմ թողնել քաղաքական կողմնորոշումները և միասնական ճակատ ստեղծել  հեղափոխություն անցկացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ով երեք օրով միացել էր ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին:

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ղուկասյանից իր քայլի համար, որը, ըստ նրա, կարևոր էր մեծացող հիասթափության, պայքարի ոգու թուլացման ֆոնի վրա:

Շանթ Հարությանյանն այսօր դադարեցրել է հացադուլը՝ չբացառելով, որ մի քանի այլ ընկերների հետ նորից միանա Ղուկասյանին: Ըստ նրա՝ այս քայլերը կարող են նպաստել, որպեսզի ստեղծվի քաղաքացիական պայքար, որը կբերի հեղափոխության:

Անդիաս Ղուկասյանն ասել է, որ փետրվարի 4-ին երկու ժամով պետք է բացակայի ԳԱԱ-ի դիմացից՝ գնալու է լոգանք ընդունելու: Թեկնածուն ասել է, որ լրագրողներից մեկը կարող է իր հետ գալ՝ հետևելու, որ հացադուլը չի խախտվում:

Լրագրողների հետ հանդիպումից քիչ առաջ Ղուկասյանին այցելել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այդ այցը, Ղուկասյանի գնահատմամբ, ապացուցում է, որ իր հացադուլը սկզբունքային քայլ է և ոչ թե PR, ինչը շրջանառվում էր լրտավամիջոցներում:

«Գալուստ Սահակյանը հայտնեց իր զորակցությունը և ասեց, որ մեր հասարակությունը պետք է ճանաչի նման պայքարի ձևերը»,- ասել է Ղուկասյանը: