Հայաստանում սպանությունները չեն բացահայտվում. պատմությունն ազատագրական պայքարի մասին է
Մեր պատմությունը հիմնականում ներկայացնում է ազգային ազատագրական պայքար և քիչ է անդրադարձ կատարում ներքին կյանքին, գործիչների անձերին: Բացառությամբ մի քանի դեպքերի, օրինակ, երբ Եղիշեն բնութագրում է Վասակ Սյունուն որպես դավաճան, հայոց պատմուգրությունը քաջություն չի ունեցել ներքին իրադարձությունները բացահայտելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ նկատի ունենալով, որ այլընտրանքային վերլուծությունների սովոր չլինելով՝ հասարակությունը չի լինի նաև հետևողական Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատվիրատուներին բացահայտելու հարցում, և, հնարավոր է, առանջնորդվեն «հին դարմանը քամուն չտալու» իմաստնությանը հետևելով:
Ըստ ազգագրագետի՝ պատմության վերանայումը բացառելը մեծ դեր ունի քաղաքական մշակույթի մեջ բռնության ամրապնդման հարցում:
Խառատյանը նկատել է, որ հասարակությունը, կարծես, հաշտվել է նաև այն մտքի հետ, որ պատգամավորների, ԱԺ խոսնակների, քաղաքացիների սպանութուններ, որոնք որևէ առնչություն ունեն քաղաքականության հետ, չեն բացահայտվում, նույնիսկ եթե դրան վկա է եղել 200 մարդ, ինչպես օրինակ «Առագաստանավ» ռեստորանում, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից սպանվել է Պողոս Պողոսյանը:
«Սպանությունը դարձել է մեր քաղաքական կյանքի մի մասը: Դրան նպաստում է այն, որ սպանություններից և ոչ մեկը չի ստացել իրավական լուծում: Սա ավելացնում է վախի մթնոլորտը, ինչը պայմանավորված է նաև իշխանության վարքով»,- ասել է Խառատյանը՝ հավելելով, որ այս համատեքստում շատ կարևոր է, որ բացահայտվի Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կատարողն ու պատվիրատուն: