Գլխավոր / Հայաստան / Անդրիաս Ղուկասյանը լավ է զգում, բայց հետազոտության ենթարկվել է. հացադուլը չի դադարեցնելու

Անդրիաս Ղուկասյանը լավ է զգում, բայց հետազոտության ենթարկվել է. հացադուլը չի դադարեցնելու

16 օր առաջ հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաա Ղուկասյանը համոզված է, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո ընտրությունները հետաձգելու դեպքում քաղաքական իրողությունը կարող էր էապես փոխվել: Այս մասին թեկնածուն ասել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Հաշվի առնելով այն, որ հանցագործությունը բացահայտված չէ, վտանգը Պարույր Հայրիկյանի նկատմամբ պահպանվում է, այնուամենայնիվ, Հայրիկյանը իր որոշումն ընդունել է», -ասել է Ղուկասյանը:

Չբացառելով Հայրիկյանի մահափորձի վարկածներից և ոչ մեկը՝ Ղուկասյանը նշել է, որ իրավապահ մարմինները պետք է թողնեն դրանցից իրատեսականները:

«Այն փաստը, որ առ այսօր իրավապահ մարմինները հանդես չեն եկել պարզաբանող տեղեկություններով, կարող է վկայել, որ պետության բնականոն աշխատանքի վրա  քաղաքական ազդեցություններ կան՝ տվյալ դեպքում իրավապահ մարմինների, որպեսզի ոչ առողջ մթնոլորտ ստեղծեն»,- ասել է Ղուկասյանը:

Նա կրկին հիշեցրել է, որ հացադուլը շարունակելու է մինչև վերջ՝ անգամ եթե հարկ լիներ սպասել ևս 40 օր, ու կդադարեցնի միայն մեկ պայմանով՝ եթե Հայաստանում քաղաքական իրադրությունը փոխվի, կատարվեն իր պայմանները:

«Չքննարկենք այն, ինչը չեղավ, ես իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ բոլոր դեպքերի համար. ի սկզբանե, երբ որոշել էի հացադուլ հայտարարել, ենթադրում էի, որ ամենաերկար ժամկետը կարող է լինել 6 շաբաթ, հաշվի առնելով, որ տեսականորեն ընտրությունները կարող են ինչ-ինչ պատճառներով 2 շաբաթով հետաձգվել: Ուստի ինձ համար 2 շաբաթով հետաձգվելը նորություն չէր լինի ու ես հոգեբանորեն պատրաստ էի այդ զարգացմանը»,- ասել է թեկնածուն:

Ղուկասյանը նաև տեղեկացրել է, որ թեև ողջ հացադուլի ընթացքում ինքնազգացողության վատթարացում չի արձանագրվել, համենայնդեպս, հետազոտության է ենթարկվել:

«Երեկ արյուն եմ հանձնել հատազոտության, հիմա բժիշկների հետ վերլուծում եմ վիճակն ու ռազմավարությունը, ամեն ինչ նորմալ է», — ասել է թեկնածուն:

Ղուկասյանը նաև ընդգծել է, որ ինքը չի հասցնում ձանձրանալ, քանի որ այցելուները շատ-շատ են՝ հասարակ քաղաքացիներից մինչև հայտնի մարդիկ:

Մեր զրուցակիցն ընդգծել է, որ աշխատում է ուշադրություն չդարձնել ու չմեկնաբանել թեկնածուներից ոմանց չարախոսությունները: Նա նաև շեշտել է, որ չունի գործող նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքի կարիքը:

«Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից որևէ մեսիջ չեմ սպասում, ես եմ նրան մեսիջ ուղարկել», — ասել է Ղուկասյանը: