Home / Հայաստան / Երևանում քննարկել են Ստամբուլում հայ կանանց նկատմամբ բռնությունների խնդիրը

Երևանում քննարկել են Ստամբուլում հայ կանանց նկատմամբ բռնությունների խնդիրը

Փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ քննարկում, որը նվիրված  էր վերջին երկու ամիսների ընթացքում Ստամբուլում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված բռնությունների խնդրին:

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում Թուրքիայում արձանագրվում է հակաքրիստոնեության ու հակահայկականության  դրսևորումների անշեղ աճ: Իսկ վերջին շրջանում, կապված մոտեցող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, հայատյածության ալիքն էլ ավելի է ուժեղացել:

Անուշ Հովհաննիսյանը, հանդես գալով Ստամբուլի Սամաթյա թաղամասում տեղի ունեցած դեպքերի մանրամասների հանգամանալից վերլուծությամբ, ընդգծել է, որ դրանք ունեցել են հստակ կազմակերպված բնույթ և նպատակ, այն է` ահաբեկել հայերին ու խորացնել վախի և սպառնալիքի մթնոլորտը: Ավելին, նշված դեպքերի կապակցությամբ թուրքական իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքը կարելի է մեկնաբանել որպես «անուղղակի մեղսակցություն կամ հանցավոր անգործություն»:

«2007 թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերը սկսել են առավել ինքնակազմակերպվել ու բարձրացնել իրենց հուզող խնդիրները, հետևաբար, նմանատիպ բռնությունները նպատակ ունեն լռեցնելու հայերին»,- եզրակացրել է բանախոսը:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը խոսել է Ստամբուլում տարեց հայ կանանց վրա կատարված հարձակումների  վերաբերյալ թուրքական և օտարերկրյա մամուլում եղած արձագանքների մասին: Նա մասնավորապես նշել է, որ առանձնապես կարևոր էին հեղինակավոր Catholic News-ի և Huffington Post-ի անդրադարձերը, որոնք ընդգծում էին, որ Թուրքիայում հաճախակի են դառնում խտրականության քաղաքականության դրսևորումները, ուժեղանում է վախի մթնոլորտը, ինչը ավելի ցցուն է դարձնում կրոնական փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների գոյությունը:

Լևոն Հովսեփյանն էլ նկատել է, որ պետք է դիտարկել նաև թուրքական հասարակության որոշ շրջանակների մոտ հոգեբանական գործոնի դերը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հատկապես թուրքական ազգայնական շրջանակների մոտ առաջանում է տագնապ, որը ծնում է անկառավարելի վարք ու այսպես ասած «հակագործողություններ», որին վերջին շրջանում թիրախ դարձան անպաշտպան տարեց հայ կանայք:

Տաթևիկ Մանուկյանը անդրադարձել է քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքի  և Ժողովրդավար հասարակություն կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքի հայտարարություններին, որոնք փաստացի միակ արձագանքն էին Թուրքիայի քաղաքական կուսակցությունների և խորհրդարանական խմբակցությունների կողմից, փաստելով, որ քուրդ քաղաքական գործիչները դատապարտում են Սամաթյայում հայ կանանց վրա հարձակումները, դրանք որակում որպես ռասիստական և ընդգծում այն ակնընհայտ իրողությունը, որ հարձակումները կատարվել են ատելության հողի վրա:

Ծավալված քննարկման ընթացքում կարևորվել է, մասնավորապես, այն եզրակացությունը, որ հայատյացության և հակաքրիստոնեության հողի վրա պարբերաբար տեղի ունեցող  սպանությունները և այլ հանցագործությունները, որոնց կազմակերպիչները և իրականացնողները դեռևս մնում են չբացահայտված, վկայում են այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում  իրական ու շոշափելի քայլեր ձեռնարկել  կրոնական ու ազգային փոքրամասնությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:  Այս պայմաններում, UNDP-ի տարածաշրջանային գրասենյակի Ստամբուլ տեղափոխումը անընդունելի է:

Tekali Taxi