Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստների բողոքը չեն քննում մինչև ընտրություններ ժամանակ շահելու համար. Մանուկյան

ՀԱԿ ակտիվիստների բողոքը չեն քննում մինչև ընտրություններ ժամանակ շահելու համար. Մանուկյան

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով վճռաբեկ բողոքի քննության ձգձգումը ժամանակ ձգելու միջոց է, և միայն ընտրություններից հետո կորոշվի իշանությունների հաջորդ քայլը: Այդ մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ երիտասարդ ակտիվիստների համար անցկացվող ամենուրբաթյա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և հավելել, որ դա իրենց համար սպասելի էր:

Մանուկյանը տեղեկացրել է, որ երիտասարդների բողոքը դեռ պատրաստ չէ, բայց մինչև փետրվարի 17-ը դեռ ժամանակ ունեն և կձևակերպեն ու նոր ձևակերպմամբ կներկայացնեն Վճռաբեկ դատարան, որից հետո Վճռաբեկ դատարանն ինքը կարող է  որոշել՝ որքան ժամանակում պատասխանել:

Հերթական անգամ անդրադառնալով ընտրությունների թեմային՝ Մանուկյանն ասել է, որ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում ամեն օր նոր զավեշտներ են բացահայտվում, նոր անեկդոտներ են ստեղծվում:

«Մեր ժողովուրդը զվարճանում է, որովհետև այն պրոցեսը, որը հիմա գնում է, ամենևին ընտրություն չէ, որովհետև այդ ընտրությանը չեն մասնակցում այն քաղաքական հիմնական ուժերը, որոնք կարող են մրցակից լինել, այլընտրանք լինել, քաղաքական ծրագրեր առաջարկեն»,- ասել է Արամ Մանուկյանը: