2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ոստիկանությունը բացատրել է՝ ինչու են Երևանի փողոցներում ավտոմատավորներ հերթապահում

Երեկ երեկոյից մինչև այսօր Երևանի տարբեր հատվածներում հերթապահություն են իրականացնում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ և ավտոմատավոր ոստիկաններ:

Epress.am-ի թղթակիցը զինված ոստիկաններին նկատել է Դավթաշենի կամրջի մոտ, Զեյթունում, Կենտրոն համայնքում, Կիևյան փողոցի վրա, ինչպես նաև մարզերից Երևան մտնող ճանապարհներին: Մասնավորապես, Մասիսից Երևան մտնող  ավտոճանապարին զինված ոստիկանները կանգնեցնում են մեքենաներն ու ստուգում բեռնախցիկները:

Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանն ասել է, որ պատճառը երեկ՝ փետրվարի 10-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակումն է։

Նշենք, որ երեկ՝ ժամը 19.15-ից 19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող անվադողերի վերանորոգման կետին կից  տանը, որտեղ կպչուն ժապավենով կապել են տանտիրուհու, նրա որդու, երկու հարսների ձեռքերը, ոտքերը և բերանը, հարվածներ են հասցրել որդու գլխին ու դեմքին, սպառնացել նրան և ընտանիքի անդամներին` պահանջելով ոսկյա զարդեր ու գումար, ապա հափշտակելով 9.000 դրամ՝ դիմել են փախուստի:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն: