2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Սպանել, հետո հպարտանալ». Աքրամ Այլիսլիի և «կիսադեմոկրատների» մասին

Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը, վերլուծելով գրող Աքրամ Այլիսլիի անվան շուրջ ծավալված սկանդալային իրավիճակը, որն առաջացել է գրողի կողմից «հայամետ», «հակաադրբեջանական» «Քարե երազներ» վեպը հեղինակելուց հետո, հիշել է 2005 թվականին սպանված լրագրող  Էլմար Հուսեյնովին, ում հանդեպ ժամանակին նույնպես հետապնդումներ էին իրականացվում:

«Հետևելով գրող Աքրամ Այլիսլիի դեմ իրականցվող խայտառակ և նողկալի արշավին, անընդհատ վերհիշում եմ հանգուցյալ լրագրող Էլմար Հուսեյնովին: Նա կենդանության օրոք նույնպես լուրջ հետապնդումների էր ենթարկվում, կեղտոտ սպառնալիքների և զրպարտության թիրախ էր, նրան դատի էին տալիս: Ի դեպ, նա հետապնդվում էր ոչ միայն իշխանությունների կողմից: Նրան չէր սիրում նաև ընդդիմությունը: Ոմանք նրան չէին սիրում, որովհետև ընդդիմության մասին ևս ոչ այդքան հաճելի բաներ էր գրում: Ոմանք էլ  քաղաքական գործիչներ էին և ելնում էին այն թեզից, որ նման դեպքերում պետք է կիսադեմոկրատ լինել և հաշվի առնել ամբոխի նախապատվությունները:

Հատկապես ընտրությունների շրջանում: Բայց ահա նրան սպանեցին: Եվ ամեն ինչ մի ակնթարթում փոխվեց: Առաջինը «ուշքի եկավ» ընդդիմությունը: Եվ պարզվեց, որ սպանված և կենդանության ժամանակ հետապնդումների ենթարկված լրագրողը նրանց համար միշտ ազատության փարոս է եղել: Իրենք միշտ հպարտացել են նրանով և սիրել են կարդալ նրա հոդվածները: Անգամ եթե այդ հոդվածները իրենց դուր չէին գալիս սակայն, իրենք, որպես դեմոկրատներ, դա հանգիստ էին ընդունում՝ հասկանալով, որ դրանք միայն օգուտ են բերում բոլորին: Ավելի ուշ ընդդիմությանը միացան նաև իշխանությունները, որոնք նույնպես հանկարծ սկսեցին ամեն ինչ ճիշտ հասկանալ: Այդ թվում՝ նրանք, ովքեր դատի էին տալիս լրագրողին, դատապարտում ու  նողկալի բաներ էին գրում նրա մասին: Մի խոսքով, սպանվածն ու հետապնդումների ենթարկվածը դարձավ բոլորի հպարտությունը:

Այժմ նույն իրավիճակն է, պարզապես այս անգամ Աքրամ Այլիսլին է թիրախը: Կրկին հետապնդումներ, նողկալի զրպարտանքներ և սպառնալիքներ: Եվ կրկին առջևում իշխանություններն են, որոնք զրկեցին նրան այն ամենից, ինչ հնարավոր էր, ոտքից գլուխ ցեխով  պատեցին նրան, խոստացան այրել նրա գրքերը և կտրել ականջները: Եվ ինչպես Էլմար Հուսեյնովի դեպքում էր, նրանք կրկին կիսադեմոկրատ դարձան. դատապարտելով հետապնդումները` միաժամանակ քննադատում են անձամբ գրողին, այսպես կոչված ազգի պատմության խեղաթյուրման և ազգին վիրավորելու համար: Միաժամանակ, ուշագրավ է այն, որ այս խայտառակ արշավին մասնակցում են նաև նրանք, ովքեր ժամանակին աշխատել են Էլմար Հուսեյնովի հետ: Մարդ կարող է անգամ ֆիլմ-պարոդիա նկարահանել: Մի խոսքով, ինչպես իր հոդվածներից մեկում ասում էր նույն Էլմար Հուսեյնովը ` «Դեժա վյու»:

Թող Աստված Աքրամ Այլիսլիին երկար տարիների կյանք պարգևի: Բայց նա արդեն 75 տարեկան է, արդեն երիտասարդ չէ: Եվ ամեն ինչ կարող է պատահել, մենք հավիտենական չենք այս երկրի վրա: Եվ հարց է ծագում` մի՞թե այս դեպքում նույնպես ամեն ինչ կկրկնվի: Կրկին առաջինը ընդդիմությունը «ուշքի կգա» և կրկին կկարողանան լիակատար դեմոկրատներ դառնալ և չմտածել ընտրությունների և ամբոխի ձայների մասին: Հետո կգա իշխանությունների հերթը, որոնք նույնպես կսկսեն ասել, որ չէին կարողացել ժամանակին գնահատել, հասկանալ, մոլորության մեջ էին: Դե նաև ժամանակը, իբր, այդպիսին էր, բարդ էր: Մի խոսքով, բոլորը կսկսեն հպարտանալ, որ Այլիսլիի հայրենակիցներն ու ժամանակակիցներն են եղել, ինչպես Հուսեյնովի դեպքում: Աստված իմ, մի՞թե անհրաժեշտ է զրպարտել ու սպանել և հետո միայն հպարտանալ», - գրել է Յունուսովը: