Home / Տեսանյութեր / Գործադուլներ և դասադուլներ. Հայաստանում քաղաքացիական անհնազանդության կոչ են անում

Գործադուլներ և դասադուլներ. Հայաստանում քաղաքացիական անհնազանդության կոչ են անում

Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին իրենց ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ են ասել գործող հանցավոր համակարգին: Այս մասին ասված է մի խումբ քաղաքացիական ակտիվիստների անունից արված հայտարարության մեջ, որը տարածել է ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:

Ակտիվիստներն ընդգծում են, որ ՀՀ ընտրող քաղաքացիների մածամասնությունը իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրա վրա դնելով իրենց ձայներին տեր կանգնելու պատասխանատվությունը: Հայտարարության հեղինակները նշում են, որ բազմաթիվ ընտրական տեղամասերում լինելով դիտորդներ՝ իրենք ականատես են եղել, թե ինչպես են կեղծվել ընտրությունները, ու թեև իրենցից ոչ բոլորն են իրենց ձայնը տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, այսօր իրենց խումբը պաշտպանում է այն բոլոր քաղաքացիների քվեն, ովքեր իրենց ձայնը տվել են նրան՝ կազմելով մեծամասնություն:

«Մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, վերցնում ենք ընտրության իրավունքը պաշպանելու պատասխանատվությունը մեզ վրա, ինչպես պաշտպանում ենք զինվորի կյանքի իրավունքը բանակում և պայքարում ենք արդարադատության կայացման համար, ինչպես պաշտպանում էինք հանրային տարածքը և հանրային շահը Մաշտոցի պուրակում, ինչպես Թեղուտում պայքարում ենք հանուն սոցիալական արդարության, հանուն հանրային ունեցվածքի և առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու մարդու իրավունքի:

Մեր առաջին գործն արդեն արված է. մենք մերժել ենք ԵԱՀԿ-ի ընտրությունների վերաբերյալ իրականությունը չարտացոլող հաշվետությունները՝ ընտրության հաջորդ օրն այդ մասին հայտարարելով հենց իրենց ասուլիսի ժամանակ: Չնայած ՀՀ քաղաքացիները վկա են եղել և արձանագրել են բազմաթիվ խայտառակ ընտրակեղծիքներ և ընտրախախտումներ, միջազգային դիտորդները շարունակում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները՝ դրանով ոտնահատրելով իրենց իսկ որդեգրած ժողովրդավարական արժեքները և կիրառելով երկակի ստանդարտներ: Նման արժեքները տեղ չունեն մեր պետությունում», – նշում են ակտիվիստները:

Նրանք կոչ ենք անում բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, կուսակցություններին, նախագահի թեկնածուներին, անհատներին անկախ քաղաքական դիրքորոշումից, կատարած ընտրությունից, կուսակցական պատկանելությունից, անձնական հակակրանքներից, միավորվել հանուն արդար ընտրությունների:

«Միաժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին և ուսանողությանը հանդես գալ ուղղակի քաղաքացաիական անհնազանդության խաղաղ գործողություններով՝ իրականացնելով գործադուլներ և դասադուլներ՝ պահանջելով չեղյալ համարել ընտրության արդյունքները: Մենք չենք ճանաչում և չենք ընդունում որևէ հերոս կամ փրկիչ: Մենք հավատում ենք և ընդունում ենք միայն քեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովեհտև դու ես իշխանության կրողը և դու պիտի տեր լինես քո ձայնի իրավունքին», – եզրափակում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi