Home / Հայաստան / Խոստացած բեկումը. Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց

Խոստացած բեկումը. Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հայտարարել է, որ հաց չի ուտելու, ինչպես նաև «ոչ մի կեղծիք և ոչ մի սպառնալիք չի ընդունելու»: Հովհաննիսյանը նշել է, որ մնալու է Ազատության հրապարակում, որտեղ էլ Ազգային համաձայնության վարչակազմ է ստեղծելու:

Հիշեցնենք, որ նախորդ հանրահավքներին Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր, թե  մարտի 10-ին մարդիկ իր ծրագրի բեկումը կտեսնեն:

«Ով իմ խոսքերի մեջ ծրագիր չի տեսնում, հեգնանքով է խոսում, ինքը տեսնելու է ծրագիր: Մարտի 10-ին այս ծրագրի բեկումը կտեսնի», – մասնավորապես, ասել էր Հովհաննիսյանը:

Այսօրվա հնարահավաին «Ժառանգության» առաջնորդը Սերժ Սարգսյանից պահանջել է ինքնաբացարկ հայտարարել:

«Նոր Հայաստանը երկունքի մեջ է: Երկունքը նշանակում է, որ լինելու է ցավ, հակազդեցություն, կրիմինալ, վախ, բայց մենք ընթանալու ենք խաղաղ, սահմանադրական ճանապարհով, չենք ենթարկվելու որևէ սադրանքի:

Մինչև ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջով պիտի ինքնաբացարկ տա: Պիտի ճանաչի ժողովրդի հաղթանակը: Եվ եթե որևէ ասելիք ունի, ես կողմ եմ բոլորի հետ հաղորդակցության, բայց պիտի գա ու այստեղ բոլորի առջև խոսի», – ասել է Հովհաննիսյանը:

Հարթակի մոտ կանգնած հանրահավաքի մասնակիցներից մեկը բացականչել է, որ իշխանության կարելի է հասնել միայն ուժով:

«Ուժը արյուն չէ, ուժը մեր միասնությունն է», – պատասխանել է «Ժառանգության» առաջնորդը:

Մի քանի մարդ շարունակել են պնդել, որ պետք է գնալ դեպի Բաղրամյան 26՝ «ուժն է ծնում իրավունքը», ինչին Հովհաննիսյանը պատասխանել է՝ «իրավունքն է ծնում ուժը, սադրիչները թող տուն գնան»:

«Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի Աստվածաշունչը՝ օրհնելով նրան, դա իրենք կանեն իմ դիակի վրա», – հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ինքը մինչև մարտի 31-ը՝ Սուրբ Զատիկի օրը, պիտի աղոթի նրանց համար:

«Մինչև Պատարագ կարող եմ չհասնել: Եթե մինչև դա պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չհայտնի, ուրեմն ես մի հատ խնդրանք ունեմ, թող Սարգյանն ասի Վեհափառին, որ երբ մենք սուրբ տաճարում ենք, պետք չէ խմել իմ կենացը: Հայրապետ, դուք ասեք Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է պետությունից, այլ ոչ թե պետության գործիք է», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հայտարարել է նաև, որ եթե վաղը և մյուս օրը Սահմանադրական դատարանը չուղղի իր հետագիծը, եթե հակասահմանադրական վճիռ կայացնի՝ «իրեն նույնպես պիտի ասենք՝ ցտեսություն, և մեր դատարանն այստեղ պիտի ստեղծենք»:

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ` մարտին, Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես հացադուլի էր նստել Ազատության հրապարակում:

Tekali Taxi