Home / Հայաստան / Ինքը չի ասում՝ ինչքան ուզեմ, կխփեմ. ՀՀԿ-ականն առաջարկում է չնենգափոխել խոսքերը

Ինքը չի ասում՝ ինչքան ուզեմ, կխփեմ. ՀՀԿ-ականն առաջարկում է չնենգափոխել խոսքերը

Սահմանադրական դատարանը կմերժի Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդիաս Ղուկասյանի հայցերը ԿԸՀ-ի դեմ, քանի որ դրանցում բերված հիմքերի 95%-ը որևէ առնչություն չունեն ՍԴ-ի կողմից քննվող հարցի հետ: Այս մասին այսօր azatutyun.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ի որոշումը չի կարող կախված լինել քաղաքական վիճակից՝ տվյալ դեպքում հանրային դժգոհությունից:  Այն հարցին, թե ինչու պետությունը չի կարողանում այնպիսի ընտրություններ կազմակերպել, որոնց նկատմամբ հասարակությունը վստահություն կունենա՝ Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Շատ քիչ երկիր  կգտնեք, որտեղ ընտրախախտումները բացահայտելու մեխանիզմներ են դրված, որքան մեր երկրի ընտրական օրենսգրքում»:

Անդրադառնալով փորձագետների այն կարծիքներին, թե կասկածելի է բարձր մասնակցություն ունեցող բոլոր տեղամասերում Սերժ Սարգսյանի հաղթանակը՝ Դավիթ Հարությունյանը ասել է, որ այդ տվյալները դեռ չեն ապացուցում, որ ընտրությունները Սարգսյանն է կազմակերպել:

«Շատ տեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, սակայն ոչ ոք չի ենթադրում, թե այդտեղ Հովհաննիսյանը կազմակերպել է բացակաների փոխարեն քվեարկություն»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Ընտրական ցուցակներում Հայաստանից բացակայողների անունների առկայության անթույլատրելիության մասին հայցվորների պնդումը մեկնաբանելով՝ Հարությունյանն ասել է, որ, ըստ օրենքի, բացակայողները պետք է լինեն ցուցակներում, քանի որ երկրի համար նրանք հաշվառված անձինք են:

Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի կողմից Շիրակի մարզում հնչած հայտարարությանը:

«Ինքը չի ասում՝ ինչքան ուզեմ կխփեմ: Ասում է՝ ինչքան ուզեք, կխփենք: Եվ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ նախագահի ասածը կապ չունի այն կասկածի հետ, ինչն ընդդիմադիր ուժերն ակնակրում են», – ասել է Դավիթ Հարությանյանը՝ հիշեցնելով, որ Շիրակում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա կոչ է արել չնենգափոխել Սերժ Սարգսյանի խոսքերը:

Tekali Taxi