Home / Հայաստան / Սարգսյանը «ճիշտ ձևով ընտրվել է», իսկ Հովհաննիսյանը «պատրանքներ ունի», պնդում է Մարտենսը

Սարգսյանը «ճիշտ ձևով ընտրվել է», իսկ Հովհաննիսյանը «պատրանքներ ունի», պնդում է Մարտենսը

Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խիստ զարմացած է գործընկեր կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները, երբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրության կապակցությամբ: Այդ մասին Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԺԿ-ի նախագահը, ով հարցազրույցից րոպեներ առաջ հանդիպում էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Ես շատ զարմացած եմ այս փաստից։ Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երևան և հանդիպեցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, և ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, և ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես և ճիշտ ձևով ընտրվել է», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԵԺԿ-ի նախագահը։

Վիլֆրիդ Մարտենսի և Սերժ Սարգսյանի միջև երեկվա հանդիպումից առաջ «Ժառանգություն»-ը բաց նամակ էր հասցեագրել Եվրոպայի ամենամեծ և ազդեցիկ կուսակցության ղեկավարին` ընդգծելով, թե «իրականում, նախագահական ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծվել են, Սերժ Սարգսյանը փորձել է գողանալ հաղթանակը՝ քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության եւ բազմակի քվեարկությունների միջոցով»: Ավելին, «Ժառանգություն»-ը նշել էր, թե կվերանայի իր անդամակցությունը ԵԺԿ-ին, եթե Սերժ Սարգսյանի վերընտրության վերաբերյալ Մարտենսի դիրքորոշումը դառնա ողջ կուսակցության պաշտոնական տեսակետը։

Ի պատասխան` ԵԺԿ-ի նախագահը անհիմն է որակել եվրոպական այս ընտանիքի անդամ «Ժառանգության» կողմից իրեն ուղղված մեղադրանքները։ «Միգուցե, Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, և գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը», – ասել է Վիլֆրիդ Մարտենսը։

Լուսանկարը՝ Lesoir.be

Tekali Taxi