«Կիկոսի վերադարձը»՝ մարտի 21-ին. մուտքը՝ գրքով
«Անտառես» հրատարակչության «XXI» մատենաշարով լույս է տեսել արձակագիր Արմեն Օհանյանի առաջին գիրքը՝ «Կիկոսի վերադարձը» պատմվածքների ժողովածուն:
Գրքի քարոզարշավը յուրօրինակ մոտեցմամբ է տարվում նաև Facebook սոցիալական ցանցում, որտեղ գիրքն ունի իր էջը և հանդես է գալիս որպես օգտատեր:
«Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է. իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված: Նրա հասկանալով` հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ. «Ձախորդ Փանոսը» հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, «Քաջ Նազարը» ` ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ «Կիկոսի մահը» ` վախն ապագայի նկատմամբ: Ու որոշեց սկսել վերջից»,- ընթերցողի հետ զրույցը սկսվում է Կիկոսը:
Գրքի շնորհանդեսը կայանալու է երևանյան BOBS pub-club-ում՝ մարտի 21-ին, ժամը 20.00-ին: Մուտքը՝ գրքով: Գիրքը կարող եք ձեռք բերել տեղում, գինը միայն շնորհանդեսի օրը՝ 1500 դրամ:
Իր «ծննդյան» մոտալուտ արարողության առիթով էլ Կիկոսը մեկ այլ գրառում է կատարել` հրավիրելով ապագա ընթերցողներին միասին տոնելու իր վերադարձը.
«Ես կվերադառնամ, երբ գիշերն ու ցերեկը հավասարվեն, Վահագն աստծու ծնունդով, հայկական գարնան առաջին օրով` մարտի 21-ին, ու կտոնենք միասին վերադարձս` Բոբի փաբում, ժամը երեկոյան 8-ից մինչև ուշ գիշեր: Ձեր` Կիկոս»:
