Home / Հայաստան / Հովհաննիսյանը խաչ է դրել Սարգսյանի առաջարկի վրա. վերջինս Ազատության հրապարակ չի գնա

Հովհաննիսյանը խաչ է դրել Սարգսյանի առաջարկի վրա. վերջինս Ազատության հրապարակ չի գնա

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այցելել Ազատության հրապարակում մարտի 10-ից հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության պաշտոնական կայքը, այս մասին նա հայտարարել է այսօր հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Սարգսյանը հայտնել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում  պայմանավորվածություն  է ձեռք բերվել միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ:

Սակայն, ՀՀԿ առաջնորդի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այդպես էլ  առաջարկներ չի ներկայացրել:

Ինչպես հաղորդում է «Երկիր մեդիան», պաշտոնական արդյունքներով նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուն ասել է, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ներկայում ևս կապ ունի։

Սարգսյանը գրավոր նամակ է փոխանցել «Ժառանգության» առաջնորդին՝ համակարգային փոփոխություններ կատարելու նպատակով առաջարկելով ձևավորել լայն հասարակական շերտերի մասնակցությամբ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ։ Գրավոր նամակին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պատասխանը եղել է նույն գրության վրա դրված խաչը։

Սերժ Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել նախագահական ընտրություններից հետո իր և Հովհաննիսյանի միջև  կայացած հանդիպումից: Ըստ ՀՀԿ առաջնորդի, ինքը հարցրել է զրուցակցին՝ արդյո՞ք կարծում է, որ հաղթել է ընտրություններում, և ստացել է բացասական պատասխան: Բայց, Սարգսյանի խոսքով, «Ժառանգության» առաջնորդը նաև ասել է, որ իր թիմակիցները վստահ են, թե չի հաղթել նաև գործող նախագահը:

«Երկիր մեդիան» նշում է նաև, որ Սերժ Սարգսյանը չի հրապարակել ապագա վարչապետի և նոր կառավարության կազմը, սակայն, ամենայն հավանականությամբ, էական փոփոխություններ դրանում չեն լինի, քանի որ կառավարությունը կատարել է դրված խնդիրը՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովում և աշխատավարձերի բարձրացում՝ գնաճի տեմպերից ավելի շատ։

Tekali Taxi