Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը պատմել է Հովհաննիսյանի հետ զրույցի մասին

Սերժ Սարգսյանը պատմել է Հովհաննիսյանի հետ զրույցի մասին

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակն այսօր տարածել է Սերժ Սարգսյանի և որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների երեկվա հանդիպման վեծանումը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձ է կատարել փետրվարի 25-ին իր և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը՝ նշելով, որ պարտավոր է բացել փակագծերը: Հանդիպման մասին «Արմենիա» հեռուստաընկերության ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանի հարցի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այդ հանդիպման մասին բազմիցս խոսեցին և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ այն մարդիկ, ովքեր այդ զրույցին, այդ երկխոսությանը ներկա չէին: Եվ վատն այն է, որ աղճատված, ոչ ստույգ տեղեկություններ էին տալիս հանրությանը: Իրականությունը հետևյալն է՝ լրագրողների հեռանալուց հետո, մենք պարոն Հովհաննիսյանի հետ փոխադարձաբար մեկս մյուսի որպիսությամբ հետաքրքվեցինք, այնուհետև ես հարցրեցի պարոն Հովհաննիսյանին, թե արդյո՞ք նա ասելիք ունի, ի՞նչ է կատարվում, ի՞նչն է այդ հավաքների պատճառը: Նա ասաց, որ, իհարկե, ասելիք ունի և իր ասելիքը հետևյալն է՝ ի՞նչ պետք է անենք: Ես բառացիորեն ասել եմ՝ Րաֆֆի՛, մինչև անելիքներին անցնելը, ես երկու հարց ունեմ. հարց առաջին՝ դու հաղթե՞լ ես ընտրություններում: Ասաց՝ ոչ: Ասացի՝ բա ի՞նչ է եղել: Ասաց՝ մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել: Ասացի՝ Րաֆֆի՛, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել: Պարոն Հովհաննիսյանը ժպտաց, և ես անցա երկրորդ հարցին: Հարցրեցի՝ քարոզարշավի ընթացքում ինքն ինձնից լսե՞լ է արդյոք մի անձնական վիրավորանք, մի կոշտ ձևակերպում, բացի մեկ դեպքից, երբ ես գնահատականը տվել եմ երևույթին, որովհետև չափազանց կարևոր երևույթ էր: Եթե այդ մասին հարց լինի՝ ես կպատասխանեմ, եթե ոչ՝ ինքս կբացեմ դա: Պարոն Հովհաննիսյանն ինձ բացատրեց, որ իր խոսքի կոշտության պատճառնն այն է, որ ես ժամանակից շուտ իմ շրջապատում շամպայնով շնորհավորել եմ իմ հաղթանակը: Ես շատ զարմացած էի: Ասացի, որ այսօրվա պայմաններում, երբ ցանկացած մարդու պաշտոնական խոսք կարելի է վայրկյանների ընթացքում, վայրկյանների ճշտությամբ իմանալ, թե երբ և ինչպես է եղել, ես զարմանում եմ, որ այդպիսի բան եք ասում: Նախ՝ ես շնորհակալություն եմ հայտնել իմ գործընկերներին, ինձ կողմ քվեարկողներին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել էր ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 1988 տեղամասերում: Եվ երկրորդ՝ իմ շնորհավորանքը եղել է առանց շամպայնի: Եվ դա տեսել է հանրապետության ողջ բնակչությունը: Ինչևէ, մենք այդ հարցն անցանք, և ես հարցրեցի պարոն Հովհաննիսյանին՝ ի՞նչ եք ուզում, լսում եմ, ասե՛ք: Ասաց, որ լավ կլինի և ճիշտ կլինի, որպեսզի անցկացնենք նախագահական նոր ընտրություններ: Ասացի, որ ես դրա հնարավորությունը չեմ տեսնում, բայց նույնիսկ եթե այն լիներ, վստա՞հ է, որ նոր ընտրություններում կգրավի, ասենք, 4-րդ տեղը: Հարցրեց՝ ինչո՞ւ: Ասացի՝ եթե նոր ընտրություններ, ապա նոր թեկնածուների առաջադրում, և պարզ չի, թե ովքեր կառաջադրվեն: Նա ասաց՝ չէ, ես դա նկատի չունեմ. ես նկատի ունեմ՝ ընտրություն մեր միջև: Ասացի՝ դրա տարբերակն էլ չկա, որովհետև միջազգային հանրությունը, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընտրությունների արդյունքն ընդունել է և գնահատել է լավ: Բայց եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այդպիսի հնարավորություն լինի և մենք Ձեզ հետ անցկացնենք նախագահական ընտրություններ և ինչ-որ մի հրաշքով Դուք տանեք ձայների 55 տոկոսը, մնացած 45 տոկոսը ես կարո՞ղ եմ տանել: Ասաց՝ այո: Ասացի՝ այդ դեպքում, ես կարո՞ղ եմ ընդհանրապես մի 20 հազար մարդ հավաքել Ազատության կամ Հանրապետության հրապարակում: Ասաց՝ այո: Ասացի՝ դա 4 անգամ ավելին է, քան այսօր դու ես հավաքել: Այդ դեպքում, ես էլ կհավաքեմ այդ 20 հազար մարդկանց և կասեմ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր 37 տոկոս քվեներով նոր ընտրություններ պահանջեց և անցկացրեց, ապա ես էլ եմ պահանջում նոր ընտրություններ: Այդ դեպքում ո՞ւր ենք գնալու, մինչև ե՞րբ: Նա ասաց, որ լավ, եթե չի ստացվում նախագահական ընտրություններ անցկացնել, եկեք խորհրդարանը լուծարենք, անցկացնենք խորհրդարանական ընտրություններ: Հարցրեցի` բայց ի՞նչն է պատճառը: Եթե մենք համաձայնության եկանք նախագահական ընտրությունների մասով, ապա ո՞րն է խորհրդարանը ցրելու առիթը: Բացի դրանից, Սահմանադրությամբ և մեր օրենքներով Հանրապետության նախագահը չի կարող կամայականորեն ցրել Ազգային ժողովը: Ազգային ժողովը կարող է արձակվել Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված չորս դեպքերում: Այդ դեպքերից որևէ մեկն առկա չէ: Ես ինչպե°ս դա անեմ: Ասաց` Դուք կարող եք: Կարող եք բոլորին հրավիրել և ստիպել, որ նրանք հրաժարվեն պատգամավորությունից: Ես ասացի, որ նախ` դա անօրինական ճանապարհ է, և անօրինականությամբ երբեք չի կարելի ո՛չ արդարություն, ո՛չ օրինականություն հաստատել:

Երկրորդ՝ իսկ եթե այդ պատգամավորներից մի 10, 20, 30 հոգի, մի մասը, իմ այդ պահանջը չկատարի և ասի` պարո՛ն Նախագահ ես Ձեզ շատ եմ հարգում, բայց ելնելով մեր երկրի շահերից, ժողովրդավարությունից, նախադեպ չստեղծելու հանգամանքից և այլն, չեմ կարող հրաժարականի դիմում գրել: Րաֆֆին ասաց` ոչ, որևէ մեկն այնտեղ չի կարող Ձեր խոսքը օդում թողնել: Հարցրեցի՝ ինչպե՞ս է ստացվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դա անել, իսկ ողջ Ազգային ժողովում չի գտնվի 1, 2 կամ 5 մարդ, ով այդպես չի վարվի: Այսինքն, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունն է՝ խարխլել քաղաքական հենարանը, մեր երկրի ամենակարևոր հաստատություններից մեկը միայն նրա համար, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 37 տոկոս ձայն: Ասացի` լավ, այս հանգամանքները մի կողմ դնենք: Եթե ինչ-որ մի հրաշքով մենք արձակում ենք խորհրդարանը և անց ենք կացնում խորհրդարանական ընտրություններ, Դուք վստա՞հ եք, որ 5 տոկոսը կհաղթահարեք: Ասաց` միասին գնանք Հանրապետականի հետ: Շատ տարօրինակ մի բան էր: Ասացի` ուրեմն Դուք առաջարկում եք, որպեսզի ես «միացնեմ» պետական, ոստիկանական ողջ մեքենան, մենք միասին մեծամասնություն ստանանք և ձևավորենք նոր խորհրդարա՞ն: Բա, եթե ես այդ մեքենան միացնող լինեի, կմիացնեի նախագահական ընտրությունների ժամանակ և կտանեի առնվազն 80 տոկոս: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել: Ասաց` ուրեմն սա է՞լ է բացառվում: Ասացի` այո, սա էլ է բացառվում: Ասաց` ուրեմն պետք է պատժել բոլոր ընտրակեղծարարներին: Ասացի` այստեղ ես Ձեզ հետ 100 տոկոսով համաձայն եմ, և անկախ նրանից` պահանջեք, թե չպահանջեք`մենք դա անելու ենք: Ասաց` բա էլ ի՞նչ անենք, մի համապետական միջոցառում է պետք: Ասացի` խնդրեմ, մտածեք, ինչ համապետական առաջարկություն կարող է լինել, հանձնեք թղթին և բերեք տեսնեմ ի՞նչ եք ասում: Կաշխատեմ ես էլ մտածել, ես էլ իմ մտքերը թղթին հանձնել ու փոխանցել Ձեզ: Պատասխանեց՝ լավ, իսկ ի՞նչ ենք հիմա ուրիշներին ասելու: Ասացի` ես կարծում եմ, որ ընդհանուր գծերով, մանրամասների մեջ չմտնելով, պետք է առնվազն սա ներկայացնենք մեր թիմակիցներին: Ասաց` իսկ չի՞ լինի, որ չասենք ոչինչ: Ասացի` ոչ, որովհետև եթե դու կարող ես քո թիմակիցներին ասել, որ գաղտնիք է, չեմ կարող ձեզ հաղորդել, ապա ես չեմ կարող իմ թիմակիցներին ասել, թե՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ոչինչ չխոսեցի մեկ ժամից ավելին տևած հանդիպման ժամանակ: Եվ ընդհանրապես` չի եղել մի կարևոր որոշում կամ մի կարևոր իրադարձություն, որի մասին գոնե Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները չիմանային: Հանուն ինչի՞ ես հիմա պիտի դա խախտեմ: Ասաց՝ այդ դեպքում, ես պետք է դուրս գամ և ասեմ, որ ոչինչ չստացվեց: Ասացի` խնդրեմ: Ասաց` բա հիմա ի՞նչ ենք անելու: Ասացի` Րաֆֆի՛, ես տեսնում եմ ընդամենը երեք տարբերակ. տարբերակ համար մեկ` հիմա այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և նորից կրկնում ես այն, ինչ դու այնտեղ ասել ես` որ դու ստացել ես ձայների 80 տոկոսը, իսկ Հանրապետության նախագահը հիմա իր լիազորությունները ինձ չի հանձնում: Շարունակում ես ձևավորել դաշտային դատարաններ, ինչպիսին արդեն սկսել ես ձևավորել, նշանակում ես նախարարներ և հայտարարում, որ այս երկրում դու պետք է հասնես իշխանության, այսինքն՝ պետք է հեղաշրջում իրականացնես: Այս պարագայում երկու բան կարող եմ խոստանալ. մեկ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները գործելու են օրենքի սահմաններում: Եվ երկրորդ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները 100 տոկոսով օգտագործելու են այն լիազորությունները, որ տրված է նրանց սահմանադրական կարգը պաշտպանելու, պահպանելու համար:

Այդ դեպքում՝ պատասխանատվությունը լինելու է միայն քեզ վրա: Եթե պատրաստ ես այդպիսի պատասխանատվություն կրելու` խնդրեմ: Տարբերակ համար երկու`դուրս ես գալիս այստեղից, գնում ես հրապարակ և այնտեղ հայտարարում ես, որ դու ստացել ես ոչ թե ձայների 37 տոկոսը, այլ՝ ավելին, բայց այնուհանդերձ, ելնելով Րաֆֆի Հովհաննիսյանի սիրուց առ Հայաստան, առ հայ ժողովուրդ, նրա հավատարմությունից ժողովրդավարության արժեքներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինականության սահմաններում ստիպելու է այս իշխանություններին, որպեսզի դադարեցնեն արտագաղթը, պայքարեն կոռուպցիայի դեմ, վերացնեն ատկատները, այսինքն այն բոլորը, ինչ դու հայտարարել ես քարոզարշավի ընթացքում: Այս պարագայում, ես` որպես Հանրապետության նախագահ, ի պաշտոնե էլ պարտավոր եմ աջակցել ընդդիմությանը, ես կաջակցեմ ձեզ: Ձեր ստացած 500.000-ից ավելի ձայները դարձրեք ձեր կապիտալը, ձեր սեփականությունը: «Ժառանգություն» կուսակցությունը դարձրեք 500 հազարանոց: Ընդամենը երկու ամիս հետո Երևանի ավագանու ընտրություններն են լինելու, մասնակցեք այդ ընտրություններին, նախ հաղթեք և սկսեք կառավարել հանրապետության 1/3-րդ բնակչությանը, ապա պատրաստվեք խորհրդարանական ընտրություններին, որոնք սարերի ետևում չեն` ընդամենը 4 տարի հետո լինելու են խորհրդարանական ընտրությունները, կստանաք մեծամասնություն, կձևավորեք կառավարություն և այսպիսով` իշխանությունը կանցնի «Ժառանգություն» կուսակցությանը: Տարբերակ համար երեք` այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ և համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Ասաց` Դուք կոալիցիա՞ նկատի ունեք: Պատասխանեցի՝ ոչ: Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ և չեմ ուզում քննարկել որևէ դետալ, մանրամասնություն, որովհետև երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում և այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս և մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը: Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը: Ես իրեն չեմ ասել, բայց ուզում եմ այս առիթով մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում: Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին: Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Ընդհանրապես` իշխանության մեջ գտնվողը իրավունք չունի որևէ քաղաքական գծի նկատմամբ վերադասի հայտարարություններ անել:

Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետև գնալ, քշտել թևքերը և անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է: Իշխանության մեջ գտնվողը չի կարող անձնական վիրավորանքներ հասցնել որևէ երկրի, նույնիսկ Ադրբեջանի նախագահին: Չի կարելի, անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում անձնական վիրավորանքներ հասցնել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին: Ինչպե՞ս կարելի է: Ինչպե՞ս կարելի է ընկնել ադրբեջանական ուղեգիծ և պայքարել Մինսկի խումբը ցրելու, համանախագահներին ցրելու համար: Մենք շատ երկար տարիներ պայքարում ենք, որ ձևաչափը չփոխվի, որովհետև այդ ձևաչափը ճիշտ է ընտրված: Այդպես մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ավարտեցինք մեր հանդիպումը: Իսկ մնացած բոլոր բաները` սկսած նրանից, թե իբր մենք այդ խոսակցությունը ձայնագրել ենք և պատրաստվում ենք հանրության սեփականությունը դարձնել, իբր, ես նրանց առաջարկել եմ Երևանի քաղաքապետի տեղակալ, իբր, ես առաջարկել եմ մեկ-երկու նախարարի պաշտոն` իրականությանը չեն համապատասխանում: Եվ ես բարոյական չեմ համարում խոսակցության խեղաթյուրումը` ով էլ դա կատարի»:

Tekali Taxi