Ադրբեջանում վախենում են, որ հայերը Աքրամ Այլիսլիի վեպը կտարածեն աշխարհում
Ադրբեջանն իսկույն արձագանքել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը հայերեն թարգմանելուն և տպագրելուն:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում «Քարե երազներ» գիրքը որակել է Ադրբեջանի դեմ «սև PR»-ի միջոցներից մեկը:
«Աքրամ Այլիսլիի տխրահռչակ «Քարե երազներ» վեպը արդեն լույս է տեսել հայերեն լեզվով: Իհարկե, թշնամին քնած չէ, Ադրբեջանի դեմ օգտագործում է սև PR-ի, գաղափարական դիվերսիայի և արշավի բոլոր միջոցները: Հայերը, վեպը սկզբում թարգմանելով իրենց լեզվով, հետո` մյուս լեզուներով, աշխարհին կասեն` «տեսեք, սա գրված է ադրբեջանցու կողմից, ադրբեջանցի գրողի կողմից», չնայած Ադրբեջանի հասարակությունը նրան որպես գրող չի ընդունում», - հայտարարել է նա:
Միլի մեջլիսի պատգամավորի խոսքերով` «իրեն ադրբեջանցի և մտավորական համարող այդ մարդը վնաս է հասցնում Ադրբեջանի ժողովրդին»:
Գուրբանլին քննադատել է նաև հայտնի գրող եւ սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովին, որը վերջերս ռուսական լրատվամիջոցի հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի մասին արտահայտել էր մտքեր, որոնք չեն համապատասխանում պաշտոնական Բաքվի քարոզչությանը:
«Աքրամ Այլիսլին, գրելով «Քարե երազներ» վեպը, գործիք է դարձել հայկական քարոզչության համար, Ռուստամ Իբրահիմբեկովը օտարերկրյա լրատվամիջոցի հարցազրույցում կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հնչեցնում է սխալ, պատմական փաստերին և մեր համազգային շահերին հակասող մտքեր», - դժգոհել է Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի