«Վեպիս հայերեն թարգմանությունը քաղաքական նպատակներ ունի». Աքրամ Այլիսլի
Ադրբեջանցի գրողի վեպի հայրերեն թարգմանությունը քաղաքական նպատակներ է հետապդնում: Այս մասին «Ազադլիգ» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին՝ մեկնաբանելով իր աղմկահարույց «Քարե երազներ» վեպի թարգմանության փաստը:
Նա, մասնավորապես, ասել է. «Առաջին հերթին, պետք է նշել, որ վեպը հրատարակողները ինձ չեն հարցրել: Երկրորդը՝ շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ որքան էմոցիոնալ մենք վերաբերվենք այդ ստեղծագործությանը, այդքան դրանից փորձելու է օգտվել հայկական կողմը: Եվ երրորդը, կրկնում եմ՝ եթե մենք վեպին վերաբերվենք համամարդկային արժեքների տեսանկյունից, ապա ադրբեջանցի ժողովրդի համար ոչ մի նվաստացուցիչ բան այդ վեպում չկա»:
Գրողը նշել է, որ իր վեպի թարգմանության և հրատարակման մասին իմացել է ապրիլի 11-ին համացանցից:
Այլիսլին նշել է, որ իր կարծիքը թարգմանիչն ու հրատարակողը չեն հարցեր, և ինքը նրանց հետ ոչ մի կապ ունենալ չի կարող:
«Սա ուղղակի ստեղծագործություն է: Ինչ-որ մեկը կարող է վերցնել և տպագրել այն: Բայց ամեն դեպքում, եթե ինձ հարցնեին, ես խորհուրդ չէի տա: Որովհետև հիմա դա արդեն վերածվում է քաղաքական հարցի:
Լրագրողի այն դիտարկմանը, թե սովորաբար գրողները հաջողություն և բարի լուր են համարում իրենց ստեղծագործությունների թարգմանության փաստը, Այլիսլին պատասխանել է.
«Շատ տարիներ առաջ, երբ Հայաստանում լույս էին տեսնում մեր և հաջորդ սերնդի որոշ ներկայացուցիչների գրքերը, ադրբեջանցի գրողները մամուլին այդ մասին ուրախությամբ էին պատմում: Նույնպես ուրախանում էին հայ գրողները, երբ նրանց թարգմանում էին Ադրբեջանում: Ես երազում եմ, որ մի օր կգա, երբ կվերդառնա այն տրամադրությունը, երբ հայերը մեր ստեղծագործությունները կտպեն՝ քաղաքական նպատակներ չհետապնդելով: Ես չգիտեմ՝ ինչ չափով են քաղաքական նպատակներ հետապնդվում այս դեպքում: Հավանաբար, ինչ-որ հրատարակիչ մտածել է, որ կարող է լավ աշխատել դրա վրա, և տպագրել է վեպը հայերեն: Ինչ-որ մեկը ցանկանում է օգուտ քաղել դրանից: Ես այդպես եմ հասկանում: Ես չգիտեմ նրանց, ովքեր տպել են վեպը: Ես միայն Հրանտ Մաթևոսյանին գիտեի, ով արդեն կենդանի չէ: Նա թարգմանիչ ուներ՝ Անահիտ Բայանդուրը, ով ինձ հետ Մոսկվայում էր սովորում՝ Գրականության ինստիտուտում: Նա նույնպես մահացել է», - ասել է Այլիսլին: