հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Քաղաքական հայացքների համար «Պուշկինի» դպրոցից ազատված ուսուցիչը տնօրենին դատի է տալու

Քաղաքական հայացքների համար «Պուշկինի» դպրոցից ազատված ուսուցիչը տնօրենին դատի է տալու

Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշխատանքից ազատված ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանի դեմ: Այս մասին նա ասել է Еpress.am-ի հետ զրույցում ՝ նշելով, որ այս պահին ինքը փաստաթղթերն է կազմում՝ դատարան դիմելու համար:

«Նույն Մատղաշյանը պատասխան է տալու ՀՀ դատարանի առաջ»,- ասել է մեր զրուցակիցը:

Վարազդատյանի խոսքով՝ իր և տնօրինության միջև խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ ինքը սկսել է առաջնորդվել իր մեթոդներով ու  պահանջկոտություն է ցուցաբերել աշակերտների նկատմամբ:

«Այսինքն՝ տնային առաջադրանք չկատարած երկուս եմ նշանակել, դրանից հետո պարզվել է, որ այդ դասարանում են սովորում Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի, տվյալ դպրոցի ուսմասվարի ու տնօրենի թոռները: Հաջորդ օրը ինձ կանչում է ուսմասվարն ու ինձ հարցնում՝ «ի՞նչ ես անում», ես էլ շատ պարզ բացատրում եմ, որ ինձ համար էական նշանակություն չունի, երկուս է ստանալու դաս չպատասխանող ցանկացած աշակերտ: Ինքն էլ հորդորում է, մի բան էլ մուննաթ գալով, թե՝ «մեր դպրոցում 8-ից պակաս ոչ մի գնահատական չպետք է լինի», հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում է՝ «մեր դպրոցում այսպես է՝ տնային աշխատանք չպետք է հանձնարարել, այսպիսին է մեր դպրոցի դրվածքը, գրիր գրատախտակին, թող արտագրեն և այլն. ոչ տնային աշխատանք, ոչ՝ 8-ից պակաս գնահատական»,- պատմել է Վարազդատյանը:

Նրա խոսքով՝ ինքը դպրոցում դասավանդել է ընդամենը երկու ամիս ու չունի որևէ աշխատանքային պայմանագիր:

«Չեմ գրել որևէ դիմում՝ ինձ ընդունել աշխատանքի, նույն Մատղաշյանին անընդհատ հարցրել եմ, թե երբ կարող եմ գնալ դիմում գրելու, ասել է՝ «ես կասեմ», հիմա, ազատվելուց հետո տեսնում եմ, որ ես ընդունվել եմ «Պուշկինի» անվան դպրոց 89 հոդվածի համաձայն և ապրիլի 11-ին գրել է՝ «ուղղակի ազատել աշխատանքից»: Ոչ մի պարզաբանում չկա՝ ինչու են ազատել աշխատանքից: Տնօրենը օրենքի կոպիտ ոտնահարում է թույլ տվել», – ասել է մեր զրուցակիցը:

Աշխատանքից ազատված ուսուցիչը նշել է, որ նախկինում աշխատել է թիվ 131, 37 դպրոցներում ու որևէ խնդիր՝ կապված տնօրինության հետ չի ունեցել, իսկ «Պուշկինի» անվան դպրոց է գնացել՝ աշխատանքի առաջարկ ստանալուց հետո:

«Իմացա, որ դպրոցի տնօրինությունը դժգոհ էր իրենց դպրոցի շախմատ դասավանդողից, մի խոսքով՝ ինձ առաջարկեցին, ես գնում եմ ու սկսվում է լարվածությունը: Տնօրենն անընդհատ ասում էր՝ մեր դպրոցում մենք ենք ասում՝ ոնց պետք է լինի, մեր դպրոցում սովորում են Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի թոռները», – ասել է դպրոցի արդեն նախկին ուսուցիչը:

Վերջինս ընդգծել է, որ նույնիսկ աշխատանքային գրքույկը վերցնելու համար ինքը չի պատրաստվում մտնել դպրոց:

«Ես խնդրել եմ ինձ փոխարինող ուսուցչուհուն վերադարձնել աշխատանքային գրքույկս, որովհետև չեմ պատրաստվում մտնել  այդ հանրապետականացված կառույցը, մի հաստատություն, որտեղ կախված կլինեն կաթողիկոսի ու Սերժ Սարգսյանի նկարները: Բացեիբաց հայտարարում եմ, որ  հանրապետականացված այդ կառույցում «սապոնվող ուսուցիչները» սովոր են հարմարվելու ու սովոր են, որ «իրենց վզերին նստած քշեն», ինչը ինձ հետ անել չէին կարողանում», – շեշտել  է Վարազդատյանը:

Մեր զրուցակիցը ընդգծել է իր ազատման բուն պատճառ հանդիսացող հանգամանքի՝ ֆեյսբուքյան գրառման մասին:

«Իմ էջում արել եմ հետևյալ գրառումը՝ «Ես երդվել եմ, որ ՀՀ չորրորդ նախագահ եմ ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանին, ինձ համար օրենք չէ Սերժ Սարգսյանի ընդունած որևէ որոշում: Բացել են, կարդացել են ու, դա հիմք ընդունելով, ինձ  ազատել են աշխատանքից», – նշել է Վարազդատյանը:

Նա նաև ընդգծել է, որ իր ընդդիմադիր հայացքների մասին դպրոցում տեղյակ են եղել հենց սկզբից:

«Ապրիլի 8-ին աշխատել եմ, 9-ին, բանկանաբար, մասնակցել եմ  ՀՀ չորրորդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը, 10-ին դպրոց չեմ գնացել, ամսին 9-ի թույտվությունը ինձ տվել է ուսմասվարը, ասել է՝ «հարց չկա, կարող ես գնալ», 10-ի բացակայությունս անհարգելի է եղել, որովհետև նախորդ օրը ինձ շատ լավ ծեծել էին ու ես ի վիճակի չէի վեր կենալ ու գնալ դպրոց: Ամսի 11-ին տնօրենն իմ ազատման հրաման է տալիս: Չկա որևէ իրավական հիմք՝ ինձ աշխատանքից ազատելու համար: Նախ՝ 1 օր անհարգելի բացակայության դեպքում ինքը իրավունք չունի ինձազատել աշխատանքից, 2-րդը՝ առանց խիստ նկատողության ընդհանրապես իրավունք չունի ազատել, մի խոսքով խախտված են մի շարք օրենքներ»:

Դպրոցի տնօրենը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում պնդել է, որ Նարեկն ինքն է հրաժարվել աշխատանքից: «Ինքը հրաժարվել է «Ֆեյսբուքով», ինքը հրաժարվել է ընկերների միջոցով: Նա հայտարարություններ է արել, որ հրաժարվում է այդ դպրոցի և ընդհանրապես կարծեմ ցանկացած պետական դպրոցում աշխատելու հնարավորությունից», – ասել է տնօրենը: Թերթի թղթակցի դիտարկմանը, թե փաստորեն, ընդամենը այդ հայտարարությունները հաշվի առնելով, ուսուցիչն ազատվել է աշխատանքից, նա պատասխանել է. «Հաշվի առնելով նրա հրաժարականը և հաշվի առնելով այն, որ ինքը կոլեգային ուղարկել էր, որ աշխատանքային գրքույկը վերցնի»: Հաջորդ դիտարկմանը, թե Նարեկ Վարազդատյանի հետ պայմանագիր չի կնքվել, տնօրենը պատասխանել է. «Ես չեմ հասկանում, հիմա դուք ինձ ինչ-որ բանում մեղադրո՞ւմ եք: Եթե Վարազդատյանը ցանկություն ունի Պուշկինի անվան դպրոցում աշխատելու և շփվելու այդ շատ վատ մանկավարժների հետ և այդ շատ վատ երեխաների ինչ-որ բան սովորեցնի, թող գա, ես հենց վաղը կընդունեմ նրան»:

Լուսանկարը՝ Նարեկ Վարազդատյանի Facebook-ի էջից