Home / Տեսանյութեր / Դատախազին հարվածած ամբաստանյալը դատապարտվեց

Դատախազին հարվածած ամբաստանյալը դատապարտվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց դատախազի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու գործով դատավարությունը. ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանը դատապարտվեց ազատազրկման 3 տարի 9 ամիս ժամկետով:

Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը, դատարանը հիմնավորված համարեց, որ Ստեփան Հովակիմյանը 2012թ. հուլիսի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում գողության գործով ընթացող դատաքննության ժամանակ, խափանելով դատաքննության բնականոն ընթացքը, իր մոտ եղած ածելիով վնասել է ձախ ձեռքի նախաբազուկը, ապա, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, փորձել է այն նետել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանի ուղղությամբ՝ նրան հարվածելու դիտավորությամբ, ինչը կանխվել է ծառայություն իրականացնող ոստիկանների և դատական կարգադրիչների կողմից։

Բացի այդ, ամբաստանյալը, մոտենալով Սամվել Հարությունյանին, ոտքով հարվածել է նրա կոնքին՝ այդպիսով գործադրելով կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

Մեղադրող դատախազ Ջոն Ֆարխոյանը միջնորդեց Ստեփան Հովակիմյանին դատապարտել 4,5 տարի ժամկետով, իսկ Հովակիմյանի պաշտպան Արշակ Կարապետյանը դատարանին խնդրեց, որ Ստեփան Հովակիմյանի արարքը չդիտի որպես բռնություն և ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակվի ոչ ազատազրկման ձևով:

Ամբաստանյալն օգտվելով ճառով հանդես գալու իր իրավունքից՝ ներողություն խնդրեց նշված օրը դատական նիստի մասնակիցներից իր վարքագծի համար և խնդրեց պատիժ նշանակելիս հաշվի առնել իր հոգեկան վիճակը:

Ս. Հովակիմյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվեց ազատազրկում մեկ տարի ժամկետով, սակայն ազատազրկմանը մասնակիորեն գումարվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում 2012թ. սեպտեմբերի 25-ի դատավճռով նրա նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 3 տարի 9 ամիս, իսկ պատժի սկիզբը կհաշվվի 2010թ. փետրվարի 6-ից:

Tekali Taxi