Գլխավոր / Հայաստան / Փաստաբանին սպառնացել են Երևանի նոր ոստիկանապետի դեմ ֆեյսբուքյան էջի պատճառով

Փաստաբանին սպառնացել են Երևանի նոր ոստիկանապետի դեմ ֆեյսբուքյան էջի պատճառով

«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան, փաստաբան Մերի Խաչատրյանը Facebook-ի միջոցով սպառնալիք է ստացել իրեն անհայտ անձից, ինչի մասին գրավոր տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

«Սույն թվականի մայիսի 2-ի առավոտյան (ժամը 10-11-ի սահմաններում) այցելում եմ սոցիալական ցանց և հերթական անգամ ստուգում իմ հաղորդագրությունները:

Ինձ ուղղարկված հաղորդագրությունների (Messages) ուրիշ (Other) բաժնում հայտնաբերում եմ ինձ լրիվ անծանոթ, ոմն Պարգև Կարապետյան (Pargev Karapetyan) անունով օգտատիրոջ սպառնացող և վիրավորող արտահայտություններով մի հաղորդագրություն (կից ներկայացվում են լուսանկարի ու հաղորդագրության պատճենները)», – գրել է Մերի Խաչատրյանը:

Ըստ փաստաբանի՝ այդ հաղորդագրությունը մենախոսություն է, բովանդակությունից ակնհայտ երևում է, որ սպառնալիքն ուղղված է անմիջապես իրեն որպես admin-ի, ս.թ. ապրիլին «Մենք դատապարտում ենք Երևան քաղաքի վարչության նոր պետի (Երևանի ոստիկանապետ) Աշոտ Կարապետյանի նշանակումը» ֆեյսբուքյան խումբ բացելու համար:

«Ես այդ հաղորդագրությանը չեմ պատասխանել, պատճենահանել եմ և անմիջապես տեղադրել վերը նշված խմբում և իմ անձնական էջում՝ ի գիտություն իմ ընկերներին ու հանրությանը, որ սպառնալիք եմ ստացել ոմն մի կեղծ (ընդունված է ասել՝ ֆեյք)  օգտատիրոջից, ով իր էջը բացել էր ընդամենը ս. թ.ապրիլի 11-ին: Ի դեպ, ես նրան արդեն ուղարկել եմ Report, որպեսզի նրանից այլևս հաղորդագրություններ չստանամ, սակայն նշյալ խմբի մյուս ադմին՝ Լիլիթ Գևորգյանը, հիշել է նրա profile-ը:

 

Չեմ ցանկանում երկարաշունչ նախադասություններով ու արտահայտություններով ծանրաբեռնել իմ սույն հայտարարությունը, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ եմ համարում այս մասին իմ անհանգստությունը հայտնել Ձեզ՝ իբրև ՀՀ ոստիկանապետի:

Չնայած ես հասկանում եմ, որ որ այս հաղորդագրություն գրողը կեղծ (ֆեյք) օգտատեր է, բայց չեմ էլ բացառում, որ նա Երևան քաղաքի նոր ոստիկանապետին շատ լավ ճանաչող ու մտերիմ մեկը կարող է լինել, ում սիրտը շատ է ցավացել ու չի դիմացել, փորձել է ընկերոջն այս տարբերակով պաշտպանել, որը, եթե չկանխվի իրավապահների կողմից, ապա չի բացառվում, որ այն շարունակություն կունենա և ծանր հետևանքներ թողնի:

Այսպիսով, այս սպառնալից հաղորդագրությունն ուղղված է ինչպես իմ՝ հասարակական գործունեությանը, այնպես էլ կարծիք ունենալու և արտահայտվելու իրավունքի իրացմանը, որը երաշխավորված է ոչ միայն ՀՀ սահմանադրությամբ, այլ նաև Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով, ուստի դիմումեմ Ձեզ և խնդրում, որպեսզի ՀՀ ոստիկանությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի հայտնաբերելու, թե ով է այս անձնավորությունը, ում թելադրանքով է նման բովանդակության հաղորդագրություն ուղարկել ինձ և ինչու է այդ խմբի ստեղծումը նրա վրա այդ աստիճան ազդել:

Ի դեպ, եթե իմ և իմ հարազատ մարդկանց հետ որևէ բան պատահի, ապա դրանում նաև իր մեղքի բաժինը կունենա ՀՀ ոստիկանությունը, եթե որևէ կան խարգելիչ միջոցներ չձեռնարկի այդ կեղծ (ֆեյք) օգտատիրոջը հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ակնկալում եմ ստանալ գրավոր արձագանք», – գրել է Մերի Խաչատրյանը:

Լուսանկարները՝ Մերի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Tekali Taxi