Այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի փոխանցմամբ՝ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը (լուսանկարում) ծեծի է ենթարկել 9-րդ դասարանի աշակերտուհի Լիդիայի մորը՝ Նատալյա Սարգսյանին:
Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն: Աշակերտուհու մայրը եկել է դպրոց և տնօրենից բացատրություն պահանջել: Թերթը նշում է, որ ականատեսների պնդմամբ՝ աշակերտուհու մայրը լուռ լսել է տնօրենի նախատինքները:Գայանե Սարուխանյանը երեխայի մորն ասել է՝ «Ձեռ չի տալիս պայմանները, ռադդ քաշի»:
«Նատալյան ձայնագրել է իր և տնօրենի խոսակցությունը, ու երբ տնօրենին ասել է այդ մասին, վերջինս օգնության է կանչել ուսմասվար Էլզա Ավագյանին ու պահակ Գարիկին: Արդյունքում աշակերտուհու մոր ձեռքերը ոլորել են, վերցրել հեռախոսը և ջնջել ձայնագրությունը», – գրում է «Ժողովուրդ»-ը՝ հավելելով, որ ծնողը, այլ ելք չունենալով, հեռացել է դպրոցից:
Թերթի թղթակիցը զրուցել է Գայանե Սարուխանյանի հետ, ով իր պարզաբանումներն է ներկայացրել.
«Լիդիան լավ չէր սովորում և, առհասարակ, դասի նորմալ չէր հաճախում: 120 ժամ բացակայություն ուներ և շատ արտասովոր պայմաններում մեծացող երեխա է: Ես իմացել եմ, որ նրա մայրն աշխատում է գիշերային ակումբում, և դասղեկն ինձ ասել է, որ աղջիկը դասերի չի հաճախում, և այդ երեխայի շուրջ մշտապես շատ խնդիրներ կան»:
Ըստ տնօրենի՝ Լիդիան աշակերտուհուն ոչ հարիր է հագնվում, ինչը 9-րդ դասարանի տղաների մոտ մշտապես վեճի տեղիք է տալիս:
«Ինչ-որ ձև պետք է լուծում գտնեինք, և այդ օրը, չեմ ժխտում, Լիդիային ուղարկեցի տուն, ավելի ուշ եկավ մայրը, խիստ նյարդայնացած և դեմագոգիայով սկսեց խոսել, ու ես նրան ասացի, որ հանգստանա: Երբ տեսա որ այդ հեռախոսներով նկարում էր կամ ինչ էր անում, չէր անջատում ու շարունակում էր իր այդ գործողությունը, երդվում եմ՝ մոտեցել եմ իմ սենյակի դռանը, նրան հանգիստ ասել, որ լքի իմ աշխատասենյակը: Նա դուրս եկավ, հանգստացավ, ավելի ուշ մտավ սենյակ, խոսեցինք, ներողություն խնդրեց ու գնաց», – ասել է Սարուխանյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է նաև Նատալյա Սարգսյանի հետ, ով ազգությամբ ուկրաինուհի է և հայերեն չի խոսում:
Նա նշել է, որ օրենքի մարդ է և օրենքով է շարժվում:
«Հիմա ձեզ մանրամասներ չեմ պատմի, բայց կասեմ, որ իմ նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, վերցրել են իմ անձնական իրերը, և այս հարցը հետաքննությունը կպարզի, քանի որ ես դիմել եմ դատաբժշկական փորձաքննության: Ինձ հետ վարվեցին շատ վատ, ես ինձ զգում եմ բռնաբարվածի նման», – ասել է Նատալյա Սարգսյանը:
Վերջինս նշել է, որ դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին և ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին, ու սպասում է նրանց հետ հանդիպմանը:
Նատալյան թերթի թղթակցին ցույց է տվել իր կապտուկները, ինչպես նաև դստեր լուսանկարները: Նա նշել է, որ Պուշկինի անվան դպրոցի տնօրենը տեսել է այն հագուստը, որով Լիդիան հաճախել է Չեխովի անվան դպրոց և ասել է, թե դա համախատասխանում է դպրոցի չափանիշներին: