Մեկը չի ուզում կորցնել լափը, մյուսը՝ հույսը. Աշոտ Ադամյանը՝ Երևանի ընտրությունների մասին
Դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանը երևանցիներին խորհուրդ է տալիս չափազանց լուրջ վերաբերվել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադամյանն ասել է, որ Երևանը Հայաստանի գրեթե 60-65 տոկոսն է, և դա նշանակում է, որ, հասնելով ճիշտ իշխանական, տնտեսվարման մեխանիզմ ստեղծելու եղանակին, հնարավորություն կստեղծվի երկիրը բերել նորմալ վիճակի ու ոտքի կանգնեցնել՝ տոտիկ-տոտիկ առաջ շարժվելու համար:
«Մեր ժողովուրդն այսօր երկրում փոփոխության պահանջ ունի, ու մի բան միանշանակ է. մեր ժողովուրդը հոգնել է բանդիտիզմից, հոգնել է այլևս արտագաղթել իր երկրից, հոգնել է իր երկրում անհարմար զգալուց, իսկ չակերտավոր փայլուն նախագահական ընտրություններով հնարավոր չեղավ այդ փոփոխությունն անել», -ասել է բանախոսը:
Նա նշել է, որ նախագահական ընտրությունները կեղծվեցին՝ այն էլ փայլուն ու գեղեցիկ խոսքեր ասելով:
«Դա շարունակվում է այսօր: Ինչո՞ւ քաղաքային ընտրությունները հանկարծ դարձան այսքան կարևոր: Որովհետև այն բոլոր ուժերը, որոնք գիտակցում են, թե երկիրը փրկել է պետք, այնուամենայնիվ, ուզեն-չուզեն՝ պետք է ակտիվ լինեն. անգամ նրանք, ովքեր կեղեքում ու գողանում են, եթե ինչ-որ բան տեղի ունենա՝ իրենց լափը կպակասի», - ասել է Ադամյանը:
Նրա խոսքով՝ մեկը չի ուզում կորցնել լափը, մյուսը չի ուզում կորցնել հույսը:
«Այդքան որ գեղեցիկ, փայլուն խոսում ենք, թե մենք հազարամյակների պատմություն ունեք, ուրեմն եկեք ապացուցենք: Խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ կասկած ունեն. թող իրենց հարցնեն՝ ընդհանրապես ի՞նչ են ուզում այս հողատարածքից: Մարդիկ, որոնք գտնվում են այս սահմանափակ տարածքում, որը պայմանականորեն անվանում են պետություն՝ ճանապարհ տեսնու՞մ են: Եթե տեսնում են, ապա թող ամուր կանգնած լինեն իրենց տենչանքի լուծման վրա: Միայն սա կարող է ուղեցույց լինել և ոչ թե գեղեցիկ խոսքեր հնչեցնեն, այլ մի քիչ բանեցնեն ուղեղները ու հասկանան, թե ով ինչ է ասում: Գեղեցիկ խոստումներ կտան բոլորը, բայց կարևոր է՝ ով է տալիս այդ խոստումները», -ասել է ռեժիսորը: