2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Մտավորականներ, բայց ոչ մտավորականություն. դերասանը՝ Հայաստանի խնդիրների մասին

Մեր իշխանությունները այսօր քերթել են Սյունիքը, իսկ 10-15 տարի հետո  Քաջարանն ընդհանրապես գոյություն չի ունենա՝ փոխարենը մեծ փոս է լինելու: Խոսելով Սյունիքի մարզի խնդիրների մասին՝ նման հայտարարությամբ է հանդես եկել դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանը:

Նա Սյունիքի մարզում գոյություն ունեցող վիճակը որակել է տնտեսական անգրագիտության հետևանք:

«Հողը օտարում են հողի աշխատավորից, երբ ուզում են տիրանալ այդ հողին ու մզելով՝ դրանից ստանալ եկամուտ: Սա արված է սեփական գրպանի համար, իսկ արտագաղթողը արտագաղթում է, որովհետև դադարել է լինել հողի աբորիգենը, աբորիգենի հետնորդը, կրողը. հողից ոչ համ է առնում, ոչ հոտ, ինչու չպետք է արտագաղթի՝ ինչքան հեռու, այնքան լավ», - ասել է բանախոսը:

Ադամյանի խոսքով՝ Սյունիքը միշտ աչքի է ընկել իր բարենպաստ պայմաններով,  անգամ մեղվագործները երբևէ չեն լքել ու չեն էլ մտածել այնտեղից մեղուներին այլ վայր տեղափոխելու մասին:

«Այսօր Քաջարան մտնողը տեսնում է, որ մոլիբդենի գործարանը արել է այնպես, որ երիտասարդների բերանը ատամ չկա: Մեղուների պարագայում առաջին վնասը հասնում է նրանց, հետո նոր մեզ՝ դե մեղր է, սիրուն է, ոսկեգույն է, մենք էլ ուտում ենք: Գալիս ենք նրան, որ մեր իշխանությանը ձեռք չի տալիս, որ մեր ժողովուրդը աշխատի, այսինքն՝ գյուղատնտեսությունը եկամտաբե՞ր չի», - հարցրել է բանախոսը:

Վերջինս նշել է, թե պետության առաքելությունն այն է, որ անի այնպես, որ ժողովուրդը կարողանա եկամուտ ստանալ գյուղատնտեսությունից:

«Միայն անբարենպաստ երկրներում է, որ գյուղատնտեսությունը եկամտաբեր չի լինում, իսկ դրա պատճառն այն է, որ ինչ-որ մեկը խանգարում է զբաղվել դրանով: Եթե մենք չենք արտադրում, բայց հավեսով ներմուծում ենք: Այդ նույն կանաչին, միսը մեր գեղեցիկ աչքերի համա՞ր ենք ներմուծում: Իհարկե, ոչ, ուղղակի այդպես հեշտ է՝ բերելն ու սեփական ժողովրդի վրա վաճառելը ավելի հեշտ է, քան ժողովուրդը արտադրի, ինքն էլ սնվի դրա լավագույն  մասերով: Եթե մենք սա չենք հասկանում, որ ավելի լավ է ինքդ վաճառես քո ստեղծածը, քան գնես ուրիշի արտադրանքը, ուրեմն էսպես էլ լինելու է ու երկիրը վաճառվելու է մինչ վերջին հողակտորը», - ասել է բանախոսը:

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Սյունիքի արոտավայրերը կարող են վարձակալությամբ հանձնել Իրանին՝ նա ընդգծել է, որ խիստ բացասական է վերաբերվում սեփական երկրում հողերը մեկ ուրիշին վարձակալությամբ տալու հանգամանքին:

«Փաստորեն՝ դու չես կարողանում տնօրինել քո երկիրը, այն հանձնում ես ուրիշի տնօրինությանը. սա շատ վտանգավոր բան է: Եթե դու ունես ժողովուրդ, ապրում ես, հավակնել ես, այո, քեզ հայտարարել ես  պետություն, ուրեմն բարի եղիր անել այնպես, որպեսզի քո ժողովուրդը քո հողի վրա աշխատի, իսկ եթե ժողովուրդը չի ուզում աշխատել հողի հետ, ուրեմն պատճառներ կան: Այդ ինչպե՞ս է ստացվում երկրից արտագաղթը սարսափելի ծավալների է հասել, դա էլ են ժխտում, ասում են՝ ոչ մի սարսափելի բան չկա, ի՞նչ է եղել: Կեցցեն տրանսֆերտները», - ասել է բանախոսը:

Ադամյանը շեշտել է, որ խնդիրներից խուսափելու համար պետք է ունենալ գիտակից, բանիմաց, տնտեսվարող, արդարամիտ, արժանապատիվ երկիր ու երկրի ղեկավարությունն ընտրել այս սկզբունքներով, ոչ թե գող ու ավազակներին սարքել երկրի տեր ու հետո զարմանալ, թե ինչու է այսպես:

«Այսօր կարծես թե կա քաղաքացիական հասարակության արթնացում, սակայն շատ դժվարությամբ է ձևավորվում. ունենք մտավորականներ, սակայն մտավորականություն չունենք, ունենք ուսանողներ, սակայն ուսանողություն չունենք, ունենք բժիշկներ, սակայն բժշկություն չունենք, տնտեսագետներ ունենք, տնտեսվարություն չունենք, այդ հաստատություննրը մենք չունենք ու քանի դեռ չունենք, ունենալու ենք անդադար վտանգը», - եզրափակել է Ադամյանը: