Երևանի ավագանու ընտրությունները մեկնարկեցին
Այսօր ժամը 08:00-ին մեկնարկեցին Երևանի ավագանու ընտրությունները, որոնց 7 քաղաքական ուժեր են մասնակցում՝ «Առաքելություն» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ), «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն (ՀԱԿ), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ), Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) և «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ):
Վերջին երկուսը իշխանական կոալիցիայի անդամներ են, ԲՀԿ-ն, «Բարև Երևան»-ը, որի կորիզը կազմում է «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, «Առաքելություն» կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին:
Երևանի նախորդ ընտրությունները կայացել էին 2009 թվականի մայիսի 31-ին: Այն ժամանակ ավագանու անդամ էին դարձել 3 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Վերջինս հրաժարվել էր մանդատները վերցնել՝ նշելով, որ ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում և հնարավորություն ունի անցկացնել ցանկացած որոշում: