Epress.am-ը երեկ անցկացված Երևանի ավագանու ընտրությունների մասին զրուցել է գրող, հրապարակախոս Արմեն Օհանյանի հետ, ով նաև «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության վարչության անդամ է:
Ամփոփեք ընտրությունները: Առաջին անգամ չէ, որ հասարակությունը և քաղաքական ուժերը կասկածով են վերաբերվում ընտրությունների անցկացման որակին կամ պաշտոնական արդյունքներին. այս անգամ եղա՞վ ինչ-որ բան, որ անսպասելի էր:
– Ամենաանսպասելին աստվածավախ ոստիկանապետի անփառունակ վաճխանն էր: Հազիվ մարդը երկու ճլորած փառքի դափնի էր հավաքել, մեկ էլ պարզվեց, որ ամեն թաղի լավ տղա զորավարի տասը զինվոր արժի, իսկ հայ ոստիկանը, որ գազան է կտրում երթ ու հանրահավաք ցրելիս, հանկարծ ընտրատեղամասը պաշարած ջահել-ջհուլի կողքին երևաց խեղճուկրակ ու վախվորած: Զորավարի «արա, դուք պատգամավոր եք, թե՞ գողական» հայտնի հարցի պատասխանը տվեց Սամվել Ալեքսանյանը` ոստիկանապետի փոխարեն ընտրատեղամաս գալով ու իր արևին կարգուկանոն հաստատելով:
Ամփոփման մասով տեսանք երկու կինո. մեկը` պոռնո, մյուսը` սնաֆ: Գիտեք, պետական մարմինը հանրապետականացումից ձևախեղվել ու դարձել է հաստապետական՝ անհագուրդ մի հաստ բան, հաստագլուխ ու հաստափոր, որ բաց է ընկել ու անկարող է այլևս ինքն իր կրքերը զսպել: Բոլորս էլ հասկանում ենք, որ էդ մարմինը կենդանականից անդին գոյություն չունի, որովհետև չունի միտք ու հոգի: Ինչքան էլ իր վավաշոտ լոզերը շաղ տա ռուս բալերինուհիների ծծերին, մեկ է`բալետ պարել չի սովորի, ինչքան էլ ցեղակրոն թոզուդուման փչի մարդկանց աչքին, մեկ է` տակը միտք ու գաղափար չկա, դատարկություն է: Ուրեմն, էս անգամ էլ հաստապետականն իրեն ցույց տվեց իր համար ավանդական-տնական ժանրում: Նախ` սրանք պոռնո ընտրություններ էին, որտեղ նրա հաստ մարմինն ինքնաբավարարվեց` փողով ու առանց փողի շինելով իր զավակ ու ծնողին բոլորի աչքի առաջ, ապա` սրանք սնաֆ ընտրություններ էին, որովհետև նա բռնաբարեց ու մորթեց ընտրության, ազատ կամարտահայտման գաղափարը` հարկադրելով ու զոռով ընտրատեղամաս քարշ տալով իր զավակ ու ծնողին, և կրկին` բոլորի աչքի առաջ:
Քաղաքական ուժերը և անհատ վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ այս անգամ մեծագույն գործոնը կաշառքն էր: Բայց դրա մասին միշտ խոսվել է, այն միշտ էլ եղել է: Ինչո՞ւ են այս անգամ մարդիկ քիչ քվեարկել ընդդիմադիրների օգտին, գուցե, սա նաև մարդկանց հուսահատության արտահայտում էր:
– Մարդկանց հուսահատության արտահայտումն արտագաղթն է, իսկ կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով` ներառյալ ընտրակաշառքը, պետության հիվանդությունն է: Ընտրակաշառքը նման է սեռավարակի, այն տարածողը` առանց ապահովիչ մարդկանց հետ հարաբերվող` «ապահով Հայաստան» գոռացողներն են: Ուրեմն, հաստապետականը փող է տալիս, որ իրեն ընտրեն. քվեարկողին վերածում է` մարմնավաճառի, փող բաժանողին` կավատի, ինքն իրեն` անբավարարված, վավաշոտ տղեկի և առաջարկածին շուկա է ձևավորում` ընտրակեղծիքի սեզոնային շուկա: Կա հոգեբանական պահ. դու գիտես, որ էնքան տգեղ ու անցանկալի ես, որ քո հետ լինելու համար ստիպված ես դիմացինին վճարել: Եթե ինչ-որ մեկը հուսահատված է, ապա դա նախևառաջ փողով իրեն սիրել տվողն է: Նրանք փչացնում են մարդկանց. ինչքան շատ մարդու փչացնեն, էնքան իրենց համար ավելի լավ Երևան ու ապահով Հայաստան կունենան, որովհետև բոլորը կլինեն իրենց հետ գործարքի մեջ: Տես, ընտրությունը յուրատեսակ սիրո և ամուսնության առաջարկ է քաղաքացու և կուսակցության միջև. դու խոստանում ես պայծառ ապագա, քեզ սիրել տալիս, վստահեցնում, որ երջանիկ կլինի, ու ստանում բաղձալի «այո»-ն, բայց էս հաստագլուխ ու հաստափոր սեռաքաղցած մարմինը չի կարող սիրել ու սիրվել, նա չափազանց անդուր է ու անհոգի, եթե դու այլասերված չես, ոչ մի դեպքում չես կառուցի քո ապագան նրա պես անմիտ արարածի հետ: Այդքանը շատ քաջ գիտակցելով, հաստապետականը քեզ առաջարկում է պարզ կարճաժամկետ գործարք` փողով սեքս կամ էլ պարզապես բռնաբարում է, երբ գիտի, որ անպատիժ կմնա: Ուրեմն, ընտրությունը մարմնականացվում է ու վերածվում «սեքս առանց սիրո» տարբերակի, իսկ քեզ սիրում են, բայց հետդ չեն ամուսնանում տարբեր պատճառներով, ասենք`որովհետև փող չունես: Ընդդիմության նկատմամբ համաժողովրդական սերը պլատոնական մակարդակում է մնում ընտրակեղծիքի շուկայի պատճառով, ուր փողով սեքս են անում, դիփունքը շինում ու շինվում են, կամ էլ չեն հավատում էլ սիրուն, քանի որ դարձել է աշխարքն, ա՛խպեր, առ ու փախ, սերը` սուր ու ջուր-արյուն: Մենք պետք է հոգեմարմնական, գիտակցական ակտ դարձնենք ընտրությունը, որտեղ ում սիրում են` նրա հետ էլ լինում են, և փակենք պատրիարխալ-մոնոպոլիստական ընտրակեղծիքի շուկան:
Դուք անընդհատ խոսում եք մարմնի, սեքսի ու սիրո մասին, բայց ընտրությունը կեղծողը օտար մարմին չի` նույն սոցիոմշակութային տարածքում է ձևավորվել ու վերարտադրվում, որտեղ և ապրում ենք մենք բոլորս:
– Մասամբ համաձայն եմ, սա մեզ ծանոթ մարմին է` ծնված խորհրդային լճացման տարիների նոմենկլատուրայի ու գավառա-գողական աչքաբաց տղերքի, կարճ ասած` ՊԱԿոտների ու լակոտների ամուսնությունից: Նա թաքնվում է նամուս-ադաթի ազգային պահպանողական դիմակների տակ, բայց ընտրությունը միակ քաղաքական գործընթացն է, որտեղ հաստապետականը ստիպված է մերկանալ ու ցույց տալ իր անճոռնի մարմինը, քանի որ ստիպված է հասարակության հետ շփվել, (մենակ մեռած հոգիներով գործը գլուխ չի գա) ուրեմն ստիպված է մոտենալ անգամ էն մարդկանց, որոնց գոյությունը մոռացել է հինգ տարի շարունակ: Նա պետք է ազգային-հերոսական կերպարով հանդես գա ու դնի ընտրողի զոհասեղանին ժողովրդի ցավուդարդից հալումաշ եղած իր մարմինը: Մարդիկ չեն կարող ափաշքյարա քարոզել պոռնկություն և հայտարարել, որ ազգային հերոսի մարմնացումն ասենք հաստա-սափրագլուխ ճարպոտ մի սադիստ է, դրա համար էլ թաքնվում են Նժդեհի դիակի հետևում և մեզ հավատացնում, որ ազգային հերոսը մեռած հերոսն է, որի ոսկորները սուրբ են ու ոսկեջրած: Իսկ իրականում, իրենց շնորհիվ ազգի միակ կենդանի պարծանքն ու հերոսը դարձել է արտագաղթած և հաջողության հասած հայը` խելացի ինչպես Արոնյանը, ուժեղ ինչպես Դարչինյանը, արագավազ ինչպես Մխիթարյանը, բայց պարտադիր դրսում փայլող և ոչ թե ներսի գաղջնոցում իրենց ծառայություններ մատուցելով` խամրող:
Իսկ սնաֆը ի՞նչ կապ ունի, եթե չեմ սխալվում, դա դոկումենտալ ժանր է, որտեղ իրական բռնություն ու սպանություն է ցուցադրվում :
– Հա, իրոք պոռնոյից բացի, մենք տեսանք նաև սնաֆ, օրինակը` 7/15 ընտրատեղամասի պատկերը, որտեղ ընտրում են Երևանի ամենամեծ ծերանոցի խնամակալները: 7/15-ը գալիս է ապացուցելու, որ գործ ունենք անուղեղ ու անհոգի մի մարմնի հետ: Կասեք, ի՞նչ իմաստ ունի հարյուր հազարներով ձայն հավաքողի համար 250 ծեր ու տկար մարդկանց անհոգի ու անմիտ շահագործումը, մարդիկ, որոնց 90 տոկոսը երբեք հոժարակամ չէին գա ընտրելու, պարզ է` բերման են ենթարկում, որովհետև պետք չի տալ ընտրակաշառք, որովհետև ասում են` ձեզ պետությունն է պահում, ոչ թե ձեր երեխեքը, դուք էլ պիտի երախտապարտ լինեք պետությանը (ըստ իրենց հիվանդ երևակայության` նույն հանրապետականին): Սա ողբերգական մի կտավ է` «Ծերանոցի քշումն ընտրատեղամաս տարոնականների կողմից» հնարավոր վերնագրով, պարզ, անթաքույց, հոգեկան բռնաբարության ակտ ծեր ու անպաշտպան մարդկանց նկատմամբ, որտեղ հաստապետականը բավարարում է իր ցանկությունն ու կարիքները, որ հետո օրգազմի մեջ «Հաղթանակ» թաղամասում հրավառություն անի:
Ամեն ընտրությունից հետո ես կարդում եմ «Հառաչանքը», անկեղծ ասում եմ, նախ, որ հանկարծ ու հանկարծ չչարանամ չքավորի նկատմամբ ու լեզուս չֆռա ասել` ոչ օրենք գիտի, ոչ կարգն ու լեզուն, բերանը կապած սարի անասուն: Ու մտածում եմ, որ էլի մթնեց, էլի մի ծերունի միտք է անում, միտք, ու չի հասկանում՝ ով է մեղավոր։ Էդ ծերուկը, որ չէր ցնծում հրավառությունից, էդ ծերուկը, որ մատով չկպավ թաղի տղերքի բերած քյաբաբ ու խորովածին, որ չխմեց էն լավ տղու կենացը, որ ավելի լավ Երևան է խոստացել, էդ ծերուկն էս ընտրությունների իրական զոհն է, որովհետև ես ջահել եմ ու պինդ ու հաստերի հախից մի օր կգամ, գուցե հենց հաջորդ ընտրություններին, որին ինքը երևի էլ չի «մասնակցի»: Ինքը ուշ կեսգիշերին, էդպես էլ տուն չդառած ծերանոցում նստած, խոր ախ է քաշում ու գիտակցում, որ դեռ մեռած չի, ապրում է` ամեն մեռնողի երանի տալով, ու զգում իրեն բռնաբարված` մի բաժակ ջուր ու չոր հացի կտոր տվող հաստապետության կողմից: Վերընթերցեք ու վերաիմաստավորեք Թումանյանի «Հառաչանքը», որ հստակ տեսնեք իրական մեղավորներին:
Զրուցեց Քնար Խուդոյանը