Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ դաշինքի նախկին անդամները միավորվում են ՀՀՇ-ում

ՀԱԿ դաշինքի նախկին անդամները միավորվում են ՀՀՇ-ում

«Հայոց Համազգային Շարժում» (ՀՀՇ) կուսակցության և Հայ Ազգային Կոնգրես դաշինքի նախկին անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Կարապետ Ռուբինյանը սկսել են ՀՀՇ կուսակցություն ստեղծելու գործընթացը: Նրանք այս մասին ասել են այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ այսօր դիմել են Արդարատադության նախարարություն՝ կուսակցության գրանցման համար:

Հիշեցնենք, որ նախկին ՀՀՇ-ն վերանվանվել էր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փետրվարի 23-ին կայացած համագումարին:

Արարատ Զուրաբյանը, ով ՀՀՇ վարչության նախագահ է եղել 2002-ից մինչև 2010 թվականը, լրագրողներին ասել է, որ այս պահին կուսակցությանն անդամգրվելու ցանկություն հայտնած 200 հոգի ունեն, ինչը անհրաժեշտ թիվն է կուսակցություն գրանցելու համար, սակայն համակիրները շատ են և կշարունակեն միանալ:

Կուսակցության անդրանիկ համագումարը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 14-ին: Զուրաբյանը հայտարարել է նաև, որ կուսակցությունը նախագահ չի ունենալու, լինելու է կոլեգիալ կառավարում, իսկ ֆինանսավորումն իրականացվելու է անդամավճարների հաշվին: Ծախսերը կուսակցության անդամների միջև հավասար են բաշխվելու:

Այն հարցին, թե արդյոք ստեղծվելիք կուսակցության անունը չի կարող հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիր դառնալ, Զուրաբյանը պատասխանել է, որ իրենք քննարկել են իրավաբանների հետ և որևէ խնդիր չկա:

Անդրադառնալով ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ՀՀՇ-ն վերջին տարիներին վերածվել էր «գեղական կլուբի»՝ 2000-ից 2002 թվականը ՀՀՇ վարչությունը ղեկավարած Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ ինքը մեծ փորձ չունի «գեղական կլուբ» ղեկավարելու և այդ արտահայտության մասին պետք է հարցնել նրանց, ովքեր նման փորձ ունեն:

Ինչևէ, Արզումանյանը նկատել է, որ պետք է պատասխանատավություն կրել և՛ անհաջողությունների, և՛ հաջողությունների համար, այլ ոչ առանձին ժամանակահատվածների:

Զուրաբյանը, իր հերթին, ասել է, որ մեծերն իրավունք ունեն նման արտահայտությունների:

«Ես իրենց բարի երթ եմ մաղթում»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ին իրենց մրցակից չեն տեսնում, և իրենց դեմ են համարում միայն գործող իշխանությանը:

Ըստ Զուրաբյանի՝ դրա վկայությունն է նաև այն, որ ՀՀՇ-ի ստեղծման մասին հայտարարում են հիմա՝ ոչ միայն Երևանի ավագանիի ընտրություններից, այլև հետընտրական պրոցեսների ավարտից հետո, որպեսզի չարժանան մեղադրանքների, թե իրենք խանգարում են ընտրական գործընթացներին:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է նաև, որ ինքը մայիսի 2-ին դիմում է ներկայացրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից դուրս գալու մասին և շարունակելու է պատգամավորական գործունեությունը «Ժառանգություն» խմբակցությունում:

Ասուլիսի մասնակիցները լրագրողներին են տրամադրել նաև ՀՀՇ-ի ստեղծման մասին հայտարարության տեքստը, որում, մասնավորապես, ասվում է.

«2013 թվականի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց  Հայոց Համազգային Շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Վերջին մի քանի տարիներին կուսակցության ներքին ժողովրդավարության խաթարման  և անձնապաշտական մթնոլորտի արմատավորման պատճառով բազմաթիվ սկզբունքային կուսակցականներ դուրս են մղվել ՀՀՇ-ից:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հպարտանում ենք 25 տարվա  մեր քաղաքական գործունեությամբ, անցած քառորդ դարում Հայոց Համազգային Շարժման գրանցած նվաճումների ու հաջողությունների մեջ մեր համեստ ներդրումով և ցավ ենք զգում մեր կորուստների ու ձախողումների համար: Մենք պատճառ չունենք ամաչելու մեր անցյալից: Մեր նպատակն է՝ վերագրանցելով կուսակցությունը և պահպանելով ՀՀՇ պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել Սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում, հասնել ժողովրդավարության և ազատական արժեքների հաստատմանը»:

Հայտարարության տակ ստորագրել են Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը: