2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Երևանի մետրոյում կընթերցեն բրիտանական գրողների ստեղծագործությունները

Հայ դերասանները բրիտանական գրականության ներկայացուցիչների ստեղծագործությունները մայիսի 23-ից-25-ը կընթերցեն Երևանի տարբեր անկյուններում:

Ինչպես հաղորդում է Բրիտանական խորհուրդը, արդեն երրորդ տարին է, Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնության շրջանակներում Խորհուրդը կազմակերպելու է գրական ընթերցումներ:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնության շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն երեք օր շարունակ ու տարբեր վայրերում: Միջոցառումներն անց են կացվում Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում:

Միջոցառումները կմեկնարկեն մայիսի 23-ին ժամը 16:00-ին Հայաստանում ԵՄ կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34): Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը:

Մայիսի 24-ին մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայանում դերասան Արսեն Գրիգորյանը կընթերցի Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները: Մայիսի 24-ին ժամը 13.00-ից-14.00-ն Բարեկամություն կայարանում շոտլանդական գրականության ժամն է, 15.00-ից -16.00-ն Մարշալ Բաղրամյան կայարանում Արսեն Գրիգորյանը կընթերցի Հյուսիսային Իռլանդիայի գրողների ստեղծագործությունները, 17.00-ից -18.00-ն Երիտասարդական մետրոյում կհնչենՈւելսի գրողների ստեղծագործությունները, իսկ անգլիական գրականությունը դերասանը կներկայացնի Հանրապետության հրապարակ կայարանում ժամը 19.00-ից – 20.00-ն: Ողջ օրվա ընթացքում Արսեն Գրիգորյանը կընթերցի Ռոբերտ Բըրնսի, ՕսկարՈւայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի և Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները` Վահագն Դավթյանի, Լուսինե Մարգարյանի, Սամվել Մկրտչյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալստյանի և Հովհաննես Ղուկասյանի հայերեն թագմանությամբ:

Մայիսի 25-ին ժամը 17.00-ին արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում Հյուսիսային պողոտայում Բրիտանական խորհրդի վրանում կկազմակերպվի թեյախմություն և ընթերցանության ժամ:

Եվրոպական գիշեր նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը, ԵՄ կենտրոնը և «Գրանիշ» գրական ակումբը: