Home / Հայաստան / Վարչապետը գյուղացիներին խոստումներ է տվել. Սերժ Սարգսյանի ճանապարհը չեն փակի

Վարչապետը գյուղացիներին խոստումներ է տվել. Սերժ Սարգսյանի ճանապարհը չեն փակի

Երեկ Արմավիրի մարզ մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հաջողվել է լուծել գլխավոր խնդիրը. մայիսի 28-ին գյուղացիները խոստացել են չփակել Արմավիր-Երևան մայրուրղին, գրում է «168 ժամ» պարբերականը: Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր պետք է այցելեր Սերժ Սարգսյանը, և գյուղացիները խոստացել էին փակել ճանապարհն անձամբ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար:

Վարչապետը հանդիպել է կարկուտից տուժած 46 համայնքների գյուղապետերին և մայիսի 18-ին Երևան-Արմավիր մայրուղին փակած ակտիվիստ գյուղացիներից մի քանիսին: Թերթի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասել են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այս տարվա համար գյուղացիների հողի և ոռոգման ջրի վարձ չի գանձվելու: Երկրորդ՝ մեկ տարի ժամկետով սառեցվելու են կարկտահարության հետևանքով տուժած գյուղերի բնակիչների ստացած վարկերը՝ մայր գումարի և տոկոսավճարների գանձումները: Կառավարության անդամները նաև գյուղացիներին տեղեկացրել են, որ Գյուղնախարարությունը գյուղացիների օգնության նպատակով հիմնադրամ է ստեղծել, որին պետք է գործարարները գումարներ փոխանցեն, ինչն էլ կբաժանվի առավել վատ վիճակում գտնվող գյուղացիների միջև:

«Չնայած այս խոստումներին, գյուղացիների մոտ դարձյալ անպատասխան հարցեր են մնացել: Օրինակ, այն գյուղացիները, որոնք չեն կարողացել գյուղատնտեսական վարկեր վերցնել, փորձել են դա անել այլ տիպի վարկերի անվան տակ, կամ՝ նրանցից շատերն ասում էին, որ իրենք տարբեր խանութներից պարտքով դիզվառելիք և պարարտանյութեր են վերցրել՝ մտածելով, որ բերքատվությունից հետո այն կմարեն, ու հիմա չեն հասկանում, թե ինչպես է կառավարությունը փոխհատուցելու այն», – գրում է պարբերականը:

Թերթը, անդրադառնալով գյուղացիների կողմից վարչապետի տված խոստմանը, նշում է, որ Տիգրան Սարգսյանը, ըստ էության, կատարել է իր առաքելությունը. գյուղացիները կարող է գոհ չմնալ Տիգրան Սարգսյանից, բայց այն, որ Սերժ Սարգսյանը գոհ կլինի Տիգրան Սարգսյանի Արմավիր կատարած այցից՝ ակնհայտ է:

Tekali Taxi