Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության մեջ մեղադրվողի քրոջը բերման են ենթարկել դատարան

Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության մեջ մեղադրվողի քրոջը բերման են ենթարկել դատարան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստի սկզբում իր ցուցմունքին ինչ-որ բաներ ավելացնելու համար հրավիրվեց Եսայանի հայրը: Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվում է Հարություն Սարգսյանը, ով Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է:

Ինչպես հաղորդում է Asparez.am-ը, մայիսի 22-ին կայացած դատական նիստի վերջում Ռազմիկ Եսայանը ասել էր, թե ավելացնելու բան ունի, բայց դատավորը այն թողել էր հաջորդ նիստին:

Մայիսի 23-ի նիստի առաջին րոպեներին, երբ վկան հրավիրվեց ավելացնելու իր ասելիքը՝ Ռազմիկ Եսայանը նշեց, թե հարմար է գտել այդ մասին չխոսել: Վկային ցանկացավ հարց ուղղել ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը, բայց դատավորը նշեց, թե վկայի հարցաքննությունն ավարտված է: Սակայն դատավորի և կողմերի միջև կայացած խոսակցությունից հետո Լուսինե Սահակյանն ի վերջո ունեցավ հարց ուղղելու հնարավորություն ու ստացավ պատասխան:

Ապա դատավորը վկային՝ Ռազմիկ Եսայանին, խնդրեց դուրս գալ դատարանի դահլիճից, ինչպես արվում է բոլոր հարցաքննված և չհարցաքննված վկաների դեպքում, ինչը զայրացրեց վկային: Եսայանը նշեց, թե ցանկանում է մասնակցել իր տղայի դատավարությանը, և ինչպես նախորդ, այս նիստին ևս նշեց, որ գործը թերի է ուղարկվել դատարան, դատարանում էլ նիստերը շոուի են վերածվում:

Այնուհետ դատարանն անդրադարձավ դատակոչված վկաներին, որոնց ցանկում էին Ղուկասյանները, Հարություն Սարգսյանի քույրը և ևս մեկ վկա: Ղուկասյանները դատարան գրություն էին ուղարկել, որ իրենց եղբայրը նոր է մահացել, իրենք սգի մեջ, կներկայանան հաջորդ դատական նիստին: Դատարան ներկայանալ չկարողանալու մասին գրություն էր բերվել մյուս վկայից ևս, իսկ Մելանյա Սարգսյանը բերման էր ենթարկվել դատարան ու մինչ իր ցուցմունքին անդրադառնալը ասաց. «Էնպես տպավորություն է ստեղծվում, որ մենք խուսափում ենք դատարան գալուց և ցուցմունք տալուց, բայց ես ուզում եմ նշել, որ դատական նիստին ներկայանալու համար ընդամենը մեկ անգամ եմ ծանուցում ստացել: Հետաքարքիրն այն է, որ ես հետո չեմ ստանում ծանուցում դատարան գալու, դրա փոխարեն, ոստիկաններ են գնում մեր տուն, որպեսզի ինձ բերման ենթարկեն: Ես կուզենայի չստեղծվի այնպիսի տպավորություն, որ մենք խուսափում ենք ցուցմունք տալուց: Մենք պարտավոր ենք, վախենալու ոչինչ չունենք, հատկապես, երբ ամբաստանյալն իմ եղբայրն է և անմեղ է»:

Իր ցուցմունքում Մելանյ Սարգսյանն անդրադարձավ դեպքի և նախորդ օրը տեղի ունեցածին: Խոսեց դեպքի օրը իրեն և իր մայրիկին ոստիկանություն տանելու, հարցաքննելու, այնուհետ իրենց տունը խուզարկելու և այլ մանրամասների մասին:Սարգսյանը նշեց, որ սկզբում չեն իմացել, թե ինչի համար են իրենց տանում ոստիկանություն, այնուհետ ավելացրեց, որ ոստիկանններն արդեն ոստիկանությունում ասել են, թե Վ.Ղուկասյանի աղջկան են սպանել, հավաքել են քաղաքի բոլոր տղաներին՝ այդ թվում Հարությունին, ստուգում են բոլորի ալիբին ու մի քանի հարց ունեն նաև ընտանիքի անդամներին: Դատավորի ճշտող հարցին, թե՝ ասել են աղջկա՞ն, վկան դրական պատասխան տվեց:

Վկան նշեց, թե ոստիկանության մեկ այլ սենյակում հարցաքննվող մայրը ծանոթ ոստիկաններից մեկի միջոցով իրեն փոխանցել է, թե ոստիկանները, քննիչները իրեն ինչ կասեն, թող այդպես գրի, և ինքը գրել է, բայց նշեց, որ ցուցմունքում որոշ բաներ սխալ է գրել. «Որպեսզի հետո, երբ պետք լինի՝ կարողանամ ապացուցել, հիմնավորել, որ ճիշտ բան չեմ գրել»: Անդրադառնալով տան խուզարկությանը՝ վկան նշեց, թե իրենց տուն խուզարկելու համար գնացել են մոտ 190 հոգի՝ տարբեր բարբառներ ունեցող մարդիկ. «Եթե ասեմ 50 քիչ կլինի, եթե 70՝ էլի քիչ կլինի, 190 հոգի»:

Մելանյա Սարգսյանի ցուցմունքին հետևեց տուժող կողմի ներկայացուցիչների և պատասխանող կողմի հարցերն ու դրանց հետևած պատասխանները:

Tekali Taxi