Home / Հայաստան / Գյումրիում դեպոներ բացեցին. վարչապետը գոհ է «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ից

Գյումրիում դեպոներ բացեցին. վարչապետը գոհ է «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ից

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի մասնակցությամբ Գյումրիում բացվել են վերակառուցված վագոնային վերանորոգման և լոկոմոտիվային դեպոները:

Կառավարության կայքի համաձայն, վարչապետը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Յակունինին՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարումն արդյունավետ իրականացնելու համար:

«Տարեցտարի աճում են և բեռնափոխադրումների, և ուղևորափոխադրումների ծավալները: Մեծ աշխատանքներ են տարվում նաև երկաթուղային ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: Մեր աչքերի առջև աստիճանաբար զարգանում է Հայաստանի երկաթուղային համակարգը, ինչը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ևս մեկ օրինակ է»,- նշել է կառավարության ղեկավարը:

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերակառուցման հիմնական աշխատանքները սկսվել են 2010 թվականից, որի համար, պաշտոնական տվյալների համաձայն, ներդրվել է 93,5 մլն ռուբլի (մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար), ևս 48,4 մլն գումար ուղղվել է շարժակազմի նորոգմանն ու տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը: Լոկոմոտիվային դեպոյի սարքավորումների պարկն էապես թարմացվել է, գնվել են 25 միավոր հիմնական և 6 միավոր ախտորոշման սարքավորումներ: Ներկայում ստեղծված են անիվային զույգերի, էլեկտրական շարժիչների վերանորոգման ու օդային պահեստավորման փորձարկման համար նախատեսված նոր տեղամասեր:

Վագոնային վերանորոգման դեպոյի վերակառուցման համար ներդրվել է 35,1 մլն ռուբլի, գնվել են 20 մլն ռուբլու տեխնոլոգիական սարքավորումներ:

Tekali Taxi